Աշխարհ

25.04.2018 22:31


«Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի»․ Նավալնի

«Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի»․ Նավալնի

Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

«Դեռ անցած ամիս Սերժ Սարգսյանը հպարտանում էր, որ իրեն աջակցում է Հայաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը: Նա հեշտությամբ հաղթանակ էր տանում ընտրություններում, նա վերահսկում էր ամեն ինչ, սկսած բանկերից մինչև ֆուտբոլ: Նա Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի: Նրան էին ենթարկվում տեղական օլիգարխները, որոնց նա ամեն ինչով աջակցում էր, ոստիկանությունը, բանակը, հիմնական ԶԼՄ-ները: Ամեն ինչ նրա համար էր:

Բայց երեկ չէ առաջին օրը մարդիկ դուրս եկան փողոց, և Սերժ Սարգսյանը, իր բոլոր տոկոսներով հանդերձ, հարկադրված էր հրաժարական տալ: Ինչո՞ւ, երկու պատճառով, առաջինը՝ նա խաբել է մարդկանց, խոստացել, որ իշխանության ղեկին կլինի միայն նախագահական երկու ժամկետով: Սակայն, երբ եկել է հեռանալու ժամանակը, նա որոշեց մնալ: Դա ոչինչ չի՞ հիշեցնում»,-ասում է Նավալնին՝ հիշեցնելով, որ ժամանակին նախագահական երրորդ ժամկետով պաշտոնավարելու հանդեպ իր բացասական վերաբերմունքն էր հայտնել նաև ՌԴ նախագահ Պուտինը:

«Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը, իշխանությունը նախագահից փոխանցվեց վարչապետին, և հենց ինքն էլ դարձավ վարչապետ: Կարծես՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն, իրականում դա խարդախություն է և խաբեություն»,-ասում է Նավալնին և նշում Սարգսյանի հրաժարականի երկրորդ պատճառը․

«Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ: Սարգսյանն, իհարկե, ուներ հանրության ինչ-որ մասի աջակցությունը, բայց նա որոշել էր հրապարակայնորեն թքել մնացած բոլորի վրա»: Ահա և եղավ այն, ինչ պետք է լիներ նորմալ հասարակությունում»,-ասում է Ալեքսեյ Նավալնին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը