Հարցազրույց

26.04.2018 14:27


Գագիկ Ծառուկյանը հաշվի է առնելու ժողովրդի ձայնը. Նաիրա Զոհրաբյան

Գագիկ Ծառուկյանը հաշվի է առնելու ժողովրդի ձայնը. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ բանակցությունների «արդյունքում կլինի արժանապատիվ որոշում»։

Նաիրա Զոհրաբյան. - Այս պահին ընթանում են բանակցություններ։ Դուք տեղյակ եք, որ երեկ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կլինի արժանապատիվ որոշում

«Ազատություն». - Ինչպե՞ս է քվեարկելու Ծառուկյան խմբակցությունը։

Նաիրա Զոհրաբյան. - Էս պահին ընթանում են բանակցություններ։ Դուք արդեն տեղյակ եք, որ երեկ հանդիպել են Ծառուկյանն ու Փաշինյանն, այս պահին չեմ կարող ավելին ասել բանակցությունների ընթացքի մասին։ Մեկ բան կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքն անպայմանորեն իր որոշումը կայացնելուց հաշվի կառնի ժողովրդի ձայնը, դրանում որևէ մեկը կարող է չկասկածել։

«Ազատություն». - Հնարավո՞ր է նորից ազատ քվեարկություն լինի, ինչպես Սերժ Սարգսյանի վարչապետի քվեարկության ընթացքում էր, թե՞ այս դեպքում «Ծառուկյան» խմբակցությունը կկարողանա միասնական դիրքորոշում հայտնել, ի վերջո այդ ձայներից է կախված Փաշինյանը կընտրվի վարչապետի պաշտոնում, թե՝ ոչ։

Նաիրա Զոհրաբյան. - Գիտեք, ես հույս ունեմ և վստահ եմ, որ ազատ քվեարկություն չի լինի, որովհետև այստեղ կա անհրաժեշտ ձայների խնդիր։ Նորից եմ խնդրում, եկեք ևս երկու օր սպասենք, ի վերջո Սահմանադրությամբ մենք կաշկանդված ենք ժամանակի առումով, ամսի 30-ը վերջնաժամկետ է, երբ որ քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներ։ Այս պահին ընթանում են բանակցություններ և ես խորհուրդ եմ տալիս սպասել բանակցությունների ավարտին։ Մենք պետք է հասկանանք, որ կարևոր ջրբաժանի առջև ենք կանգնած։

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ Գագիկ Ծառուկյանը կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանի օգտին, կտա՞ իր ձայնը Փաշինյանին։

Նաիրա Զոհրաբյան. - Մեկ բան կարող եմ ասել՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես հաշվի է առել ժողովրդի ձայնը և հիմա էլ ինքը հաշվի է առնելու ժողովրդի ձայնը։

«Ազատություն». - Նորից հանդիպում նախատեսվո՞ւմ է։

Նաիրա Զոհրաբյան. - Ենթադրում եմ, որ նորից կլինեն հանդիպումներ, մինչև վերջնական որոշումը։

«Ազատություն». - Իսկ որտե՞ղ են հանդիպել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Նաիրա Զոհրաբյան. - Չեմ կարող ասել, որովհետև բանակցություններին չեմ մասնակցել։ Մեր կողմից հանդիպմանը եղել է Գագիկ Ծառուկյանը, թե Փաշինյանի կողմից ովքեր են եղել, տեղյակ չեմ։

Այս խորագրի վերջին նյութերը