Հարցազրույց

28.04.2018 15:23


Դավիթ Հարությունյան․ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու (տեսանյութ)

Դավիթ Հարությունյան․ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դեռ վերջնական որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու, թե՞ ոչ, այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Ազատություն»․ - Հանրապետական կուսակցությունը այս պահի դրությամբ որոշում ունի՞ թեկնածուի հետ կապված, և ընդհանրապես՝ որոշում ունի՞՝ թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞՝ ոչ:

Դավիթ Հարությունյան․ - Այս պահի դրությամբ որոշում վերջնական չկա, որովհետև ընթանում են քաղաքական քննարկումներ այլ քաղաքական ուժերի ուժերի հետ: Ինչպես գիտեք, նաև հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է ներգրավված տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկման: Մենք հույս ունենք, որ սկզբունքորեն արդյունքում հնարավոր կլինի ձևավորել քաղաքական օրակարգ, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

«Ազատություն»․ - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ որոշում չկա կայացված նաև այն հարցի հետ կապված, որ արդյոք պե՞տք է առաջադրել թեկնածու, թե՞ չէ Հանրապետական կուսակցության կողմից:

Հարությունյան․ - Գիտե՞ք, այս բոլոր հարցերը չի կարելի իրարից կտրված դիտարկել: Այսինքն, ինքնանպատակը չի վարչապետ առաջադրել, ինքնանպատակն է երկիրը մղել առաջ՝ օգտագործելով ստեղծված իրավիճակը: Ցանկացած նման ճգնաժամային իրավիճակ նաև նոր հնարավորությունների ճանապարհ է բացում: Այնպես որ, լավագույն ձևով օգտագործելը այս իրավիճակը Հայաստանի համար՝ սա, կարծում եմ, ամենակարևոր խնդիրն է: Եվ դա է պատճառը, որ մենք այս պահին չենք առանձնացնում մի խնդիրը մյուսից: Այդ խնդիրները իրականում համարում ենք քաղաքական օրակարգի մաս:

«Ազատություն»․ - Ես, ամեն դեպքում, ուզում եմ հստակ պատասխան ստանալ․ ճի՞շտ եմ հասկանում, որ Հանրապետականը դեռ որոշում չունի՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածուն, թե՞՝ ոչ:

Հարությունյան․ - Ճիշտ եք հասկանում, որ մենք այս պահին չունենք վերջնական որոշում, այդ թվում՝ այդ հարցի հետ կապված:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական ճգնաժամից ելքը, ի՞նչ պատկերացումներ կան Հանրապետական կուսակցության վերնախավում:

Հարությունյան․ - Քաղաքական ճգնաժամից ելքը՝ միմիայն քաղաքական եղանակով, ինչու՝ որովհետև դա կարող է դառնալ իրապես վտանգավոր նախադեպ: Պատկերացնենք մի պահ, որ Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ, և մի քանի ամիս հետո հասարակության մի մասը, համարելով, որ իրենց ակնկալիքները չարդարացան, հայտնվում է դարձյալ փողոցում, ունենում է իր առաջնորդը, և պրոցեսը կարող է դառնալ ուղղակի պերմանենտ, եթե այն քաղաքական հարթակից դուրս է գալիս: Դա է պատճառը, որ մենք պնդում ենք, որ իրականում առաջին հերթին հենց երկրի համար է անհրաժեշտ, որ պրոցեսը գնա առաջ քաղաքական շրջանակներում:

«Ազատություն»․ - Տարբեր տեղեկություններ էին հրապարակվել նախորդ օրերին, որ կառավարությունում քննարկվել է կամ մտադիր են քննարկել արտակարգ դրություն մտցնելու հարցը, կամ արդյո՞ք դիտարկում եք տարբերակ՝ ուժային լուծման իրավիճակի:

Հարությունյան․ - Ցավոք սրտի, վերջին օրերին բազմաթիվ կեղծ լուրերը շրջանառվում են՝ շատ հաճախ, իհարկե, քարոզչական նպատակներով: Երբևէ արտակարգ դրություն հայտարարելու հարց չի քննարկվել կառավարությունում: Ինչ վերաբերում է ուժային լուծումների՝ եթե խոսքը վերաբերում է խաղաղ ցույցերին, ուժային լուծումները ես ուղղակի իսպառ բացառում եմ:

Այս խորագրի վերջին նյութերը