Տնտեսական

29.04.2018 13:36


Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում: Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Լրագրողների հետ զրույցում նա նաև նշել է, որ դեմ չէ՝ կառավարության ծրագիրը տապալվի։

Փաշինյանը NEWS.am-ի թղթակցին էլ ասել է, թե ՀՀԿ-ի հետ արդեն շփումներ կան։

«Աշխատանքային ֆորմատով կքննարկենք, ավելի ընդլայնված հանդիպում կլինի»,-նշել է նա։

***

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Արմենպրես»-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնում է, որ դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրեն փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ին ընտրությանը:

«Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ, և Վահրամ Բաղդասարյանը ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1-ին «ժողովրդի թեկնածուի» ընտրությանը վարչապետի պաշտոնում»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ևս վեց ՀՀԿ-ականի ձայն է պետք ընտրվելու համար, Փաշինյանը նշեց, որ եթե կա այդ նախատրամադրվածությունը՝ չխոչընդոտել քվեարկությանը, նրանք (ՀՀԿ-ն- խմբ.) կքննարկեն և կկայացնեն այնպիսի որոշում, որը խոչընդոտ չի լինի ընտրությանը:

Հարցին՝ «ժողովրդի թեկնածուն» Նիկոլ Փաշինյա՞նն է, Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 29-ին կամ 30-ին կկազմակերպվի ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ:

***

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի խորհրդարանական մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը:

«Եթե Ազգային ժողովի 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա»,-Ազատության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն քվորում կապահովե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց՝ «այո»:

«Եվ նաև մենք կոչ ենք արել և առաջարկել ենք, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումը, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք ամսի 1-ին ընտրությունների: Դա եղել է մեր պայմանավորվածությունը»,-հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը