Լրահոս

07.05.2018 20:20


Արմեն Մարտիրոսյան․ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

Արմեն Մարտիրոսյան․ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

-Այսօր դատարանը փոխեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը։ Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով հանրության ակնկալիքները՝ մայիսի 8-ին, եթե անսպասելի զարգացումներ չլինեն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվելիք կառավարության առաջին իսկ քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։

-Ես համոզված եմ, որ քաղբանտարկյալների հարցը նոր կառավարության առաջնահերթություններից կլինի, և ինչպես հասարակությունն է պահանջում, այնպես էլ կառավարությունն այդ պահանջը կյանքի կկոչի և բոլոր քաղբանտարկյալները կարճ ժամանակ հետո ազատ կարձակվեն ու մենք կունենանք առանց քաղբանտարկյալների Հայաստան։ Եվ այլևս երբևիցե Հայաստանում, հույս ունեմ, քաղբանտարկյալ չի լինի։

-Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, սակայն ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասով վերապահում ունի, քանի որ, նրա խոսքով, անգամ ՕՐՕ դաշինքը, որին սատարում էր Բաբայանը, նրան քաղբանտարկյալ չի համարում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

-Նախ չեմ կարծում, որ պարոն Գրիգորյանն այդպիսի բան ասած լինի։ Հարյուր տոկոսով համոզված եմ, որ շփոթմունք է եղել, որովհետև քաղբանտարկյալների մասով իր վերաբերմունքը ես լավ գիտեմ։ Ոչ միայն հրապարակային, այլև անհատական զրույցներում պարոն Գրիգորյանը բոլորին էլ քաղբանտարկյալ է համարում։ Եվ երկրորդ, քանի որ ՕՐՕ դաշինքը, որպես այդպիսին, այժմ գոյություն չունի, «Ժառանգության» անունից ասեմ, որ մենք Սամվել Բաբայանի վերաբերյալ արել ենք կոնկրետ հայտարարություն՝ նշելով, որ նա քաղբանտարկյալ է։ Բացի այդ, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ են Սամվել Բաբայանի վերաբերյալ հայտարարություն տարածել, որ ինքը ևս քաղբանտարկյալ է։

7or.am

Խմբ. կողմից - Սամվել Բաբայանը դատարանի դահլիճում հայտարարել էր, որ իր դեմ պատվեր էր կատարվել, քանի որ ընտրական փուլում քաղաքական մթնոլորտը շիկացել էր: «Մեր երկրում մեկ մարդ է պատվիրատուն»,-մասնավորապես նշել էր նա:

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ նրա դեմ «գործ» է սարքվել Սերժ Սարգսյանի ցուցմամբ, և էժանագին են բոլոր այն հայտարարությունները, որ նա քաղաքական բանտարկյալ չէ:

Էժանագին են նաև բոլոր այն կեղծ լուրերը, թե իբր այս օրերին Բաբայանի հետ հանդիպել են ՀՀԿ-ական իշխանության որոշ շրջանակներ և խոստացել, որ ազատ են արձակելու: Դրանք բամբասանքներ են, որոնք տարածվում են ՀՀԿ-ական շրջանակներից՝ ճղճիմ նպատակներով:

Այս խորագրի վերջին նյութերը