Աշխարհ

15.05.2018 10:50


Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Սոչիում երեկ կայացած Եվրասիական տնտեսական միության բարձր խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներից ռուսական մամուլի համար թերևս ամենակարևորը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր։

Ռուսական պետական լրատվամիջոցներն իրենց վերնագրերում մեջբերում են Փաշինյանի այն խոսքերը, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի կլավանան։

«Նիկոլ Փաշինյանը խոսեց Վլադիմիր Պուտինի հետ ռուսաստանամետ ոճով» վերնագրով երեկ ծավալուն հոդված է հրապարակել «Կոմերսանտ»-ը։

«Հայաստանի նոր վարչապետը փորձել է համոզել Պուտինին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների անփոփոխ մնալու մեջ,- գրում է «Կոմերսանտ»-ը՝ հավելելով,-Դժվար թե մեկ ամիս առաջ հնարավոր լիներ պատկերացնել, որ Պուտինն ու Փաշինյանն այսօր հանդիպելու են որպես երկու երկրների առաջնորդներ»։

Հոդվածի հեղինակը շեշտում է՝ Փաշինյանը երկար տարիներ ընդդիմադիր գործիչ էր և հաճախ էր քննադատում Մոսկվային, սակայն ինչքան մոտենում էր վարչապետի պաշտոնին, այնքան փոխվում էր նրա հռետորաբանությունը։

«Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում Փաշինյանն ասել է, թե չի պատրաստվում որևէ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

«Իր հերթին Պուտինը նույնպես ամեն ինչ արել է, որ Փաշինյանի հետ առաջին հանդիպումն անցնի ջերմ մթնոլորտում, օրինակ, հանդիպումը սկսելիս հայտարարել է՝ «Հայաստանը մենք ընկալում ենք որպես մեր մտերիմ գործընկերն ու դաշնակիցը տարածաշրջանում»,-Պուտինի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։

Պուտին-Փաշինյան առաջին հանդիպման և Մոսկվայի դիրքորոշման մասին ծավալուն հոդված է հրապարակել BBC-ի ռուսական ծառայությունը՝ «Ո՞վ է Կրեմլում աչքաթող արել հայկական հեղափոխությունը» վերնագրի ներքո։

Հոդվածում հեղինակը շեշտում է Ռուսաստանի զարմանալի չեզոք դիրքորոշումը, որ շատ է տարբերվում Մոսկվայի դիրքորոշումից ուկրաինական և վրացական հեղափոխությունների ժամանակ։

«Ռուսական հեռուստաընկերությունները չեն քննադատել հայաստանյան ընդդիմությանն ու նրանց առաջնորդին, իսկ Պուտինն էլ ասել է, որ սա Հայաստանի ներքին գործն է»,-գրել է BBC-ին։

Հոդվածի հեղինակը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի իր աղբյուրը, նաև նշում է. «Մոսկվան պետք է ավելի լուրջ աշխատեր իր դաշնակցի հետ, պետք է բացատրեր Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա, որ հնարավոր չի լինի նրան ընդմիշտ պահել Հայաստանի ղեկավարի պաշտոնում»։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը