Քաղաքական

15.05.2018 11:26


Նորակերտցիները փակել են գյուղ տանող ճանապարհը (տեսանյութ)

Նորակերտցիները փակել են գյուղ տանող ճանապարհը (տեսանյութ)

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները վաղ առավոտից գյուղում բողոքի ակցիաներ են իրականացնում: Այս պահին փակ է գյուղի ճանապարհը:

Մոտ 700 բնակիչներ նախաձեռնել են ստորագրահավաք' ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին։ Նրանք որոշել են այլևս չլռել և բարձրաձայնել տարիներ շարունակ համայնքապետի կողմից իրականացվող գործելաոճի դեմ, որն ուղեկցվել է նաև ոչ օրինական գործողություններով: Այս մասին հայտնում է Հետք-ը։

Նշենք, որ Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանն արդեն 16 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը, Հանրապետական կուսակցության անդամ է:

Ակցիայի մասնակիցներից Ավետիք Սահակյանն ասաց, որ բազմիցս համայնքապետին խնդրել են հաշվետու լինել բնակչությանը, հետ բերել տարիների ընթացքում վաճառած, բայց հանրային սեփականություն հանդիսացող գույքը: Նրա ասելով` ընդհանուր հայտարարի չեն եկել և ստիպված են գնում այս քայլի:

«Գյուղում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, տարբեր տեղեկատվություն ենք ստանում ուռճացված հաստիքների վերաբերյալ: Հանրության սեփականություն հանդիսացող գույքը վաճառված է, մի օր էլ կարող է մեկը որոշի գյուղի կենտրոնում գոմ կառուցի, որովհետև տարածքը գնել է»,-ասում է Ավետիք Սահակյանը:

Բնակիչները նշում են, որ տեղեկություններ կան, որ Նորակերտ համայնքին պատկանող անշարժ և շարժական գույքերն օտարվել են օրենքի պահանջների անտեսմամբ և կոպիտ խախտումներով` առանց համայնքի բնակիչներին պատշաճ տեղյակ պահելու: Առերևույթ պահպանելով ընթացակարգային պահանջները դրանք օտարել են գաղտնի ընթացակարգով, առանց ավագանու որոշման հրապարակայնացնելու, համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու, խախտելով նույնիսկ գնելու նախապատվության իրավունքը։

Բացի այդ, կարևորագույն գույքերը, որոնք նախկինում օգտագործվել են համայնքի բնակիչների կարքները հոգալու նպատակով, որոշակի ծառայություններ մատուցելու համար, ձեռք են բերվել համայնքի ղեկավարի, նրա հետ փոխկապակցված անձանց կամ համայնքի ղեկավարի թողտվությամբ այլ անձի կողմից՝ շուկայականից անհամեմատ մատչելի գներով։

Մանրամասները՝ Հետք-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը