Քաղաքական

15.05.2018 14:58


Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին (տեսանյութ)

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետևյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարևոր և կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Վարչապետն ընդգծել է, որ պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է:
Էդուարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱԳ նորանշանակ նախարարին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ և համակարգի պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեությամբ հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ արտաքին քաղաքականության ոլորտում:
Նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ անցած տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը բարձրացրել է մասնագիտական կարողություններն ու ներուժը: «Գիտակցում եմ առկա մարտահրավերների ողջ ծավալը, բայց ինձ զգում եմ վստահ և ուժեղ առկա մեծ թիմով: Հիմնվելով մեր հսկայական ներուժի վրա՝ վստահ եմ, որ միասին շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի օրակարգը»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է փոխվարչապետներին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: «Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ: Սրանք են մեր գործունեության մեկնարկի և ավարտի մասին պատկերացումները և այս միջակայքում պետք է ծառայենք ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին:
Կառավարության գործունեությունը լինելու է հետևյալ տրամաբանությամբ. պետք է արդյունավետ քայլեր իրականացնենք և եթե որևէ քայլի ճշմարտացիության հարցում համոզված ենք, հաշվի առնելով առկա փաստարկները, ապա պետք է դրանք կիսենք հանրության հետ և նրան կարողանանք համոզել նույնկերպ, ինչպես ինքներս ենք համոզվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա պետք է լինի կառավարության գործելակերպը, ինչը բխում է ժողովրդավարության կանոններից: Վարչապետի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքն է որոշումների կայացման ամենակարևոր աղբյուրը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով, իսկ բոլոր գործողություններն իրականացնելիս պետք է ունենա քաղաքացիների մանդատը: «Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարևոր դերակատարները փոխվարչապետներն են, և ես հաջողություն եմ մաղթում ձեզ գործունեության մեջ: Պետք է առավելագույնն անենք, որպեսզի Հայաստանի և սփյուռքի լավագույն ներուժը համախմբենք մեր կառավարության շուրջ: Գնահատման չափանիշը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունն աշխատանքին: Կարծում եմ, որ կառաջնորդվենք հետևյալ սկզբունքով. նրանք, ովքեր կհամապատասխանեն այդ չափանիշներին, կշարունակեն աշխատել: Ցանկացած ոք, ով ցույց կտա իր աշխատանքի արդյունավետությունը և կցանկանա աշխատել, իհարկե, շնորհակալ կլինենք, որպեսզի շարունակի իր ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախկին փոխվարչապետներին կատարած աշխատանքի համար:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին վստահության համար և ընդգծել, որ կիսում է վարչապետի ներկայացրած մոտեցումները, սկզբունքները՝ կապված իշխանության աղբյուրի՝ քաղաքացիների, անընդհատ նրանց հաշվետու լինելու հետ: «Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ է, և ներկաներն ու հանրությունը հստակ գիտակցում են, որ ապրում ենք նոր Հայաստանում, որ քաշվել է հստակ գիծ: Բոլորս գիտենք ինչից է պետք ազատվել, և մենք շատ հաստատուն ու վճռական քայլերով գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը: Առաջին փոխվարչապետը հույս է հայտնել, որ պետական ապարատի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ կառավարության աշխատակազմը, հստակ գիտակցում է իր առջև դրված խնդիրը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ նոր կառավարության հիմնական գործունեության արդյունքները լինելու են իրական փոփոխությունները, որոնք սպասված են: «Կարծում եմ՝ այն փոփոխությունները, որոնք իրականացնելու է այս կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության համար լինելու է աննախադեպ: Ակնկալում եմ, որ կարճ ժամանակահատվածում կառավարման համակարգում ունենալու ենք տրամաբանության լրջագույն փոփոխություն»,-ասել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն արձանագրելու է լուրջ արդյունքներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միասնական աշխատանքն ու կարևորագույն ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մինչ գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետն էր: Հանդիպմանը ներկա էր նաև նախկին նախարար Վարդան Արամյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

«Պարոնայք Վարդան Արամյանն ու Ատոմ Ջանջուղազյանը ինձ հաճելիորեն զարմացրած անձինք էին իմ վարչապետ դառնալուց հետո: Հաճելի էր լսել, որ ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարված իրավիճակին: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք հաղթահարել ցայտնոտի զգացումը: Առաջիկայում խնդիր ունենք պատշաճ ներկայացնել պետական բյուջեի, կարճաժամկետ ծախսերի նախագծերը: Համոզված եմ, որ այդ աշխատանքը կարող եք պատշաճ իրականացնել, պարոն Ջանջուղազյան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով Վարդան Արամյանին՝ վարչապետը նշեց. «Ձեզ համարում եմ պրոֆեսիոնալ մարդ, համոզված եմ, որ ամեն ինչ կանեք՝ նոր նախարարին աջակցելու հարցում»:

Արամյանը շնորհակալություն հայտնեց լավ խոսքերի համար և իր երախտիքի խոսքն ասաց նախարարության իր գործընկերներին: Նա նկատեց, որ Ջանջուղազյանը ֆինանսական համակարգին քաջատեղյակ անձնավորություն է, ով Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. «Ես պատրաստ եմ բոլորին աջակցել ամեն հարցում»:

«Շնորհակալ եմ այս բարձր պաշտոնում մեր հայրենիքին ծառայելու հնարավորության համար»,-ասաց նորանշանակ նախարար Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարար է նշանակվել մայիսի 12-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը