Քաղաքական

16.05.2018 20:32


Վարուժան Ավետիսյան․ «Տեսակետները, թե զոհեր կան, հակասում են ապստամության իրավունքին» (տեսանյութ)

Վարուժան Ավետիսյան․ «Տեսակետները, թե զոհեր կան, հակասում են ապստամության իրավունքին» (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր դատարանում հայտարարել է, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, այն ընթացքի մեջ է, և ժողովրդին հանգստացնելու բոլոր կոչերը, եթե դիտավորյալ չեն արվում, ապա անհեռատեսություն են:

Նա նշել է, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի օրգանական բաղադրիչ է և ինքնապաշտպանական իրավունքի պսակն է․

«Ապստամբության իրավունքի իրավաչափությունը կարող է դիտարկվել միայն դրա սահմանազանցման հետ՝ այդ իրավունքի իրացման գործողությունների համադրմամբ: Հաշվի առնելով, որ ապստամբությունը սկսվելու պահից արդեն ռազմական գործողություն է, պետք է դիտարկվի ապստամբական գործողությունների իրավաչափությունը բացառապես ռազմական գործողությունների, զինված հակամարտությունների իրավունքի շրջանակներում: Եթե կողմերը, տվյալ դեպքում՝ ապստամբները, չեն կատարել որեւէ ռազմական, պատերազմական հանցագործություն՝ գերիների ստորացնել, սպանել, ապա ապստամբներն ամբողջությամբ մնում են ապստամբության իրավունքի տրամաբանության և բովանդակության մեջ և անպարտ են օրենքի դատարանի առաջ:

Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքը և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին: Սրանք մեթոդներ, ձևեր են՝ ժողովրդի ընդվզման հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով:

Այն ազգը, որ մերժում է ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբներին, ցավոք սրտի, դատապարտված է հայրենազրկման: Մեր ժողովուրդը սա հասկանում է և թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները և ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առևտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ և մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշևիկյան գաղութատիրական համակարգի մեջ և խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը. դա տեղի չի ունենալու»։

Ավետիսյանը նաև հավելել է, որ հնարավոր չէ գալուստ սահակյանական ոճով զինված ապտամբություն բարձրացնել և այնպես անել, որ բացառվի որևէ մեկի զոհ գնալը․

«Շատ ցավալի օրինակ է և էթիկայի տեսակետից մի քիչ սուր կընկալվի, բայց չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակներն են, և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը և, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաև զոհեր, ինչպես ապստամբների այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և նրանք պետք է պատասխան տան դրա համար։ Ցավալի զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի մեջ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը