Քաղաքական

17.05.2018 22:16


«Մենք ո՛չ մենշևիկ ենք, ո՛չ էլ՝ բոլշևիկ»․ Շարմազանով (տեսանյութ)

«Մենք ո՛չ մենշևիկ ենք, ո՛չ էլ՝ բոլշևիկ»․ Շարմազանով (տեսանյութ)

«Հանրապետականը զբաղվելու է բացարձակապես քաղաքական գործունեությամբ և որևէ սաբոտաժի մասին խոսք չի կարող լինել»,-factor.am-ը հայտնում է, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն այսօր չի մտածում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը։ Եվ եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, ապա խորհրդարանը չի կարող արձակվել։ Քաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կարող է լինել 3-4 ամիս անց։ Մենք չենք պատրաստվում կառավարության գործունեությունն արհեստականորեն խոչընդոտել։ Մենք Ղարաբաղի հարցում հետքայլ չենք հանդուրժելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հետքայլ չենք հանդուրժելու։ Մենք պատրաստ ենք իշխանության հետ քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կբխի ժողովրդի շահերից»,-վստահեցրեց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությանը և պատասխանելով հարցին՝ պատրաստ են հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, Շարմազանովն ասաց․ «Մենք պատրաստ ենք, թե ոչ, կքննարկենք, թե ոչ՝ պարզ կդառնա, երբ որ մենք կստանանք փաստաթուղթ։ Այս պահին չկա որևէ փաստաթուղթ։ Մենք պատրաստ ենք ցանկացած օրենսդրական նախաձեռնության շուրջ ծավալել փոխշահավետ քննարկումներ։ Մենք լուրջ քաղաքական ուժ ենք, և երբեք, փաստաթուղթը չտեսած, չենք կարող այն քննարկել»։

Խոսելով այս օրերին շարունակվող բողոքի ակցիաներից և դրանց հետևում ՀՀԿ-ի կողմից կազմակերպվող սաբոտաժի հետքերի մասին պնդումներից՝ Շարմազանովն ասաց․ «Որևէ մեկը չի կարող ասել, որ մենք սաբոտաժի ենք ենթարկում որևէ գործունեություն։ Մենք ունենք մեր կուսակցության շահը, բայց մեզ համար երկրի ներքին կայունությունը ամենակարևորն է, մենք երբեք չենք արել և չենք անի քայլեր, որոնք կվտանգեն մեր քաղաքացիների անվտանգությունն ու զարգացման հնարավորությունը»։

Շարմազանովն անդրադարձավ նաև Տարոն Մարգարյանի հրաարականի պահանջով այս օրերին ծավալվող բողոքներին և նշեց․ «Երևանի քաղաքապետը ընտրվել է ընտրությունների միջոցով, մի բան հստակ է․ նոր իշխանությունը պետք է գիտակցի, կա իշխանությունների տարանջատում, որևէ մեկը իրավունք չունի ընտրովի կառույցի ղեկավարի վրա բանեցնել ճնշում, անկախ նրանից, թե նա հանրապետական է, ծառուկյանական է, կամ այլ ուժի ներկայացուցիչ։ Ուստի եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, ուրեմն պետք է հարգենք ժողովրդավարական չափանիշները»։

ՀՀԿ խոսնակը նաև ուշագրավ կոչով դիմեց ներ իշխանություններին․ «Մի վախեցեք քննադատություն լսելուց, մի վախեցեք այլակարծություն լսելուց»։

Այս խորագրի վերջին նյութերը