Աշխարհ

18.05.2018 11:15


Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում. Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում. Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

Հայտնի հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն վստահ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին աշխարհահռչակ տնտեսագետը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը ազդեցություն է կրել կոռուպցիոն երևույթներից: «Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա այն առնչությամբ, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Իսկ նման փոփոխության կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը»,- ընդգծել է նա:

Դարոն Աճեմօղլուն պատմել է, որ ՀՀ վարչապետը զանգահարել է իրեն և հարցրել, թե արդյոք ցանկանում է օգնել: «Որպես այդ երկրից դուրս գտնվող մեկը՝ չգիտեմ, թե ինչպես ու որքանով կկարողանամ օգնել, սակայն ասացի, որ ուրախ կլինեմ ջանքեր կգործադրել այդ ուղղությամբ: Ցանկանում եմ հարմար պահի այցելել Երևան, սակայն ընտանեկան պատճառներից ելնելով՝ դեռևս անհայտ են ժամկետները: Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում»,-ասել է Աճեմօղլուն` շեշտելով, սակայն, որ միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ հեշտ չի լինելու «արմատախիլ անել կոռումպացված համակարգը և վերափոխել կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը»: «Դա հնարավոր կլինի միայն բազմակողմ մոտեցման և նոր, լավ կրթություն ստացած, իդեալիստ ու ոչ կոռումպացված անձանց՝ քաղաքականություն մուտք գործելու միջոցով»,-հայտարարել է Դարոն Աճեմօղլուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ: «Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,-գրել էր Փաշինյանը:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների:

Այս խորագրի վերջին նյութերը