Աշխարհ

19.05.2018 18:00


Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից հնչեցված բողոքին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել կոնկրետ միջազգային միջոցառումների մասնակցությունից միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,-ասել են ՌԴ արտգործնախարարությունից:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի է ունեցել աբխազական դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակում: Միջոցառմանը հրավիրված են եղել Աբխազիայի օտարերկրյա գործընկերները, այդ թվում և հյուրեր Լեռնային Ղարաբաղից:

Միջոցառմանը Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի առկայության փաստը զայրացրել էր պաշտոնական Բաքվին: Ադրբեջանից հայտնել էին, որ իրենք պատրաստ են բողոքի նոտա հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբայի և ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլինսկու հանդիպմանը Արցախի ներկայացուցիչների մասնակցության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը