Քաղաքական

22.05.2018 11:10


ՀՀ ԱԳՆ խոսնակ. «Ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Արցախի հետ ուղիղ նստել, բանակցելն է» (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ խոսնակ. «Ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Արցախի հետ ուղիղ նստել, բանակցելն է» (տեսանյութ)

Արցախի մասնակցությունը բանակցություններին, դա պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Մեր խնդիրն այսօր հետևյալն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական, ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է»,-ասաց Բալայանը։

ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից։

«Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք, այո, որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, մենք շարունակելու ենք բանակցությունները՝ միևնույն ժամանակ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին դա պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար»,-ասաց Բալայանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ իր առաջին այցելության ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին ասաց, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից, և նշեց, որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը:

Հակառակ դեպքում, ըստ նրա, այդ բանակցությունները կիսատ են․ «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը