Կարծիք

19.02.2010 12:38


Ցինիզմի և հակահեղափո- խականության արմատները հետսովետական տարածքում-3

Ցինիզմի և հակահեղափո- խականության արմատները հետսովետական տարածքում-3

Առաջին սովետական այլախոհները 50-ականների երկրորդ և 60-ականների առաջին կեսին հիմնականում շարունակում էին կրողը մնալ սոցիալիստական գաղափարների: Նրանք քննադատում էին սովետական կարգերը որպես շեղում սոցիալիզմից, բայց կասկածի տակ չէին առնում հեղափոխության գաղափարները: 60-ականների վերջից, սակայն, վիճակը փոխվում է: «Ձնհալի» շրջանի ավարտը նշանավորեց ներքին բարեփոխման հույսերի վերջը: Մարազմի վերածված սովետական հռետորականությունը պաշտոնական այլընտրանքի հնարավորության բացակայության պարագայում պետք է առաջացներ բնական հակադրություն:

Սովետական այլախոհությունը երբեք չի ունեցել միասնական գաղափարախոսություն:  Այն բաղկացած է եղել տարբեր խմբերից: Բացի այդ, պետք է ի նկատի ունենալ, որ եթե բուն այլախոհները կազմում էին երկրի բնակչության ճնշող փոքրամասնությունը, ապա այլախոհական կամ մերձայլախոհական տրամադրությունները տարածված էին պաշտոնականի նկատմամբ հավատը կորցրած սովետական մտավորականության մեծ մասի մոտ: Տարբեր գաղափարների այս աջափ-սանդալում սկսում է ձևավորվել հակալուսավորչական այն միտումը, որը հետսովետական երկրորդ՝ ռևանշիստական շրջանում (2000-ականներ) պետք է դառնար «հակաօրանժիզմի» գաղափարախոսության կարևոր հիմքերից մեկը: Գտնվելով շարունակական և խորացող հակադրության մեջ պաշտոնականի հետ՝ սովետական մտավորականության մի զգալի մասն սկսեց ժխտել ոչ միայն սոցիալիզմի գաղափարները, այլև, ըստ էության, կասկածի տակ առնել լուսավորչականության իդեալներն առհասարակ: Այդ կասկածի վերապրուկները մինչ այժմ կենդանի են գրեթե ցանկացածի մեջ: Առաջադիմությունը, գիտականությունը, հեղափոխականությունը, ապագայապաշտությունը և այլն, մաշված լինելով ագիտպրոպի կողմից, մինչ այժմ էլ կարող են ալերգիա առաջացնել նույնիսկ իմ նման ընդամենը նախկին սովետական դպրոցականների մոտ: Ավելին, առհասարակ ցանկացած պաթոս առաջացնում է դրանից զգուշանալու ցանկություն, և տարածված շաբլոն ֆրազներից է՝ «Կներե՛ք, պաթոսի համար»-ը:

70-ականներին սովետական մտավորականության մի մասը, այդ թվում և Հայաստանում, տարվում է տարբեր տիպի մերձգիտական և կեղծ միստիկ ուսմունքներով: Իդեալն սկսում են փնտրել ավելի անցյալում, քան ապագայում: Գիտական առաջադիմությանը մոդայիկ է դառնում հակադրել «բնության գիրկը», փորձ է արվում գտնել «ազգայինը»՝ առավել հաճախ շփոթելով վերջինս ֆոլկլորայինի հետ: Դարասկզբի մտավորականության հետ խո՛ր հակադրություն: Նկատեմ, որ խոսքն այս գործընթացի «դատապարտման», նրան «վատ» կամ «լավ» գնատական դնելու մասին է: Ո՛չ, կարծում եմ՝ սա օբյեկտիվ գործընթաց էր, որն իր ժամանակին կատարեց նաև դրական դեր: Բացի այդ, դա մասամբ (միայն մասամբ) համընկնում էր համաշխարհային ավելի մեծ միտման հետ՝ տեխնիցիմզի քննադատություն, բնապահպանական գիտակցության աճ և այլն: Ամեն դեպքում, եթե հաշվի առնենք ոչ միայն բուն սովետական, այլև համաշխարհային հորիզոնը 20-րդ դարի երկրորդ կեսին, այլևս հնարավոր չէր նկատել, որ լուսավորչականության բազմաթիվ գաղափարներ կարիք ունենին վերաիմաստավորման, քանի որ իդեալիզմը հաճախ հանգեցնում էր բռնության, հեղափոխությունը՝ բռնակալության, առաջադիմությունը՝ բնապահպանական խնդիրների, իսկ քաղաքականության ժողովրդավարացման հետևանքներից էին, օրինակ .... երկու համաշխարհային պատերազմները, որոնք, ի տարբերություն աբսոլյուտիզմի կամ ազնվապետությունների շրջանների «կաբինետային» պատերազմների, ուր կռվում էին բանակները բանակների հետ, ներգրավվեցին հսկայական զանգվածներ (շնորհիվ համընդհանուր զորակոչի ժողովրդավարական և հեղափոխական սկզբունքի), հանգեցրին աննախադեպ զոհերի: Այլ խնդիր է, որ որևէ երևույթ չի ունենում դրական կամ բացասական դեր ինքնին ժամանակից դուրս: Կարևոր դեր կատարելով սովետականության փտած համակարգի «դեկոնստրուկցիայի» խնդրում՝ այլախոհական «նեոռոմանտիզմի» ժառանգությունն այսօր վերածվել է հենց սովետականության ռևանշիզմի գաղափարական հիմնական տարրի:

Բայց այս պատմության ամենահետաքրքիր նրբությունը, թերևս, վերոշարադրյալը չէ: Կա ավելի բարդ նշմարվող մի խնդիր: Սովետական մտավորականության հակալուսավորչական «նեոռոմանտիզմը», ինչպես տեսանք, ձևավորվում էր ի հակադրություն պաշտոնական սովետականի: Բայց պաշտոնական սովետականը կեղծիք էր: Այսինքն, որոշակի պահից սկսած՝ հռետորականությունը չէր համապատասխանում իրական բովանդակությանը: Սովետական Միությունը հեղափոխական, առաջադիմական, գիտական, ունիվերսալիստական, ապագայապաշտական էր միայն պաշտոնապես: Իրականում, հատկապես 30-ականների երկրորդ կեսից այն, փաստորեն, վերածվում էր հակահեղափոխականության, հետադիմականության, հակագիտականության և գավառականության մի բաստիոնի: Թեև այս պնդումները կարող են շատերին մերկապարանոց թվալ, սակայն, ցավոք, այստեղ հարմար չեմ գտնում դրանք մանրամասնորեն հիմնավորել, քանի որ թեմայից կարող ենք շատ շեղվել (միայն հատկապես հակագիտականության առումով հիշեցնեմ, որ գրեթե չկա գիտական մի ճյուղ, որն այս կամ այն ժամանակահատվածում «ռազգրոմի» չենթարկվեր Սովետական Միությունում՝ գենետիկա, կիբեռնետիկա, երկրաբանություն, նույնիսկ մաթեմատիկայի որոշ դպրոցներ, իսկ Էյնշտեյնի տեսությունը փրկվեց միայն շնորհիվ ատոմային ռումբի նախագծի վրա աշխատող ֆիզիկոսների միջամտության):

Բայց այլախոհության այն տեսակը, որը նկարագրեցինք, հակադրվում էր ոչ այնքան այդ իրական Սովետին, այլ պաշտոնականին: Հետևաբար պարադոքսն այն է, որ այլախոհությունը, կարծելով որ հակադրվում է Սովետին, իրականում արտահայտում էր այն, ինչ Սովետը փաստացի՛ էր: Այլ կերպ ասած՝ այն, ինչ չէր կարող իրեն թույլ տալ պաշտոնական Սովետը, արտահայտվում էր այլախոհական մտավորականության կողմից: Փաստորեն, սովետականության և հակասովետական այլախոհական մտավորականության գոնե մի մասի կապն իրար հետ շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Երբ Սովետն իր հոգին ավանդեց, մահացավ ոչ այնքան բուն սովետականությունը, որքան դրա պաշտոնական «աբալոչկան»' բացարձակ ավելորդության վերածված սոցիալիզմի և հեղափոխականության գաղափարները և դրանց իրականացման մնացուկները: Իսկ երբ սովետականությունն ապրեց իր վերածնունդը, ապա նրա դաշինքը նախկին նեոռոմանտիկ և հակալուսավորչական այլախոհության հետ ավելի քան բնական դարձավ: Բայց սա արդեն տվյալ հոդվածաշարի շրջանակներից դուրս գնտվող պատմություն է: Այսպիսին էր ծագումը: Հետագայում երևի թե խոսենք նաև բուն երևույթի մասին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը