Լրահոս

25.05.2018 12:16


Գեղարքունիքի 17 դպրոցում «Վերջին դաս» միջոցառում չի կայանա շրջանավարտներ չլինելու պատճառով

Գեղարքունիքի 17 դպրոցում «Վերջին դաս» միջոցառում չի կայանա շրջանավարտներ չլինելու պատճառով

Գեղարքունիքի մարզի ավագ եւ միջնակարգ դպրոցներին 2018 թվականի մայիսի 25-ին հրաժեշտ են տալիս 790, հիմնական դպրոցներին՝ 2580 շրջանավարտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, 12-րդ դասարանների 790 շրջանավարտից 623-ն ավարտում են մարզային, 167-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցները: «Վերջին դաս» միջոցառումը մայիսի 25-ին անցկացվելու է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով գործող դպրոցներում, իսկ վեցօրյա գրաֆիկով աշխատող դպրոցներում այն կնշվի մայիսի 26-ին: Առավել շատ թվով շրջանավարտ մարզում տվել է Ծովինարի միջնակարգ դպրոցը, որին այս տարի հրաժեշտ են տալու 32 տասներկուերորդ դասարանցի:

Ներքին Գետաշենի թիվ 1 եւ Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցները տվել են 23-ական շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառումը Աղբերքի, Կալավանի, Կուտականի, Նորակերտի, Փոքր Մասրիկի, Անտառամեջի, Կութի, Արեգունու միջնակարգ դպրոցներում անցկացվում է մեկական աշակերտներով: Իսկ ահա 17 միջնակարգ դպրոցներում միջոցառումը տեղի չի ունենա, քանի որ այդ հաստատություններում շրջանավարտներ այս տարի չեն լինի: Դրանք են Գագարինի, Չկալովկայի, Սեւան քաղաքի թիվ 5 եւ թիվ 6, Գեղամավանի, Այրքի, Ախպրաձորի, Ծափաթաղի, Մաքենիսի, Նորաբակի, Շատվանի, Ջաղացաձորի, Գետիկի, Վանեվանի, Շողակաթի, Մարտունի գյուղի եւ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցները:

Այս խորագրի վերջին նյութերը