Քաղաքական

31.05.2018 21:02


Կվերացվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը. Արայիկ Հարությունյանը

Կվերացվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը. Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պետական նախարարը նշել է, որ ընդառաջելով հանրային դժգոհությանը՝ իշխանության անունից ինքն օրերս հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ, և տեղի են ունեցել ծանր, բայց արդյունավետ բանակցություններ:
Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնական հաջողությունը եղել է մենաշնորհի վերացման վերաբերյալ սեփականատիրոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունը:
Որպես հաջորդ քայլ՝ Ա. Հարությունյանը, լրագրողների ներկայությամբ, ստորագրել է ՀՀ-ում գործող երեք օպերատորներին հղված նամակները, որոնցով նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում:
Հանդիպմանը հնչել է մտահոգություն, որ նախկինում պաշտոնական հավաստիացումներ են եղել առ այն, որ արցախյան հեռահաղորդակցային շուկայում այլ ընկերությունների հայտնվելը հակասում է գործող օպերատորի և Արցախի կառավարության միջև 2001 թ․ կնքված պայմանագրին, որի խզումը ենթադրում է Արցախի կողմից ֆինանսական փոխհատուցումների տրամադրում։
Մտահոգությանն ի պատասխան՝ Ա․ Հարությունյանը հաստատել է, որ պայմանագրում իրոք առկա են նման իրավակարգավորումներ։ «Պայմանագիրը շուտով կհրապարակվի, և դուք կհամոզվեք, որ, այո՛, նման դրույթներ այնտեղ առկա են, հստակորեն ֆիքսված են նաև վեճերի կարգավորման իրավական արբիտրաժային մեխանիզմները։ Ցանկանում եմ նշել, սակայն, որ հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը և մենաշնորհային ռեժիմի դե-ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր են դարձել իմ և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններում ձեռք բերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաև գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է պետնախարարը։
«Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաև ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաև մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչև տարեվերջ 3G ծառայության և համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաև կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,- ասել է Ա. Հարությունյանը:
Պետնախարարը նշել է, որ առաջիկայում կհրավիրվի գնահատում իրականացնող միջազգային լիցենզավորում ունեցող ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝ կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով և ներդնել գործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում:
Պետնախարարն անդրադարձել է նաև լրագրողներին հուզող այլ հարցերի։ Այսպես, խոսելով Արցախում գազի ներտնային սպասարկման ծառայության ներդրման մասին՝ Ա․ Հարությունյանը նշել է, որ հարցի լուծումն օրախնդիր է, առկախ է միայն պատշաճ մեխանիզմի ընտրության հարցը։
«Սպասում ենք, թե երևանյան մեր գործընկերները մոտ օրերս ինչ լուծում կտան այդ հարցին, որից հետո նախատեսում ենք նույն մեխանիզմը ներդնել նաև Արցախում»,- նշել է պետնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը