Տնտեսական

04.06.2018 08:59


Դեպի ՌԴ ուղևորափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա էին իրականացնում (տեսանյութ)

Դեպի ՌԴ ուղևորափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա էին իրականացնում (տեսանյութ)

Դեպի ՌԴ ուղևորափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք հավաքվել են կառավարության մոտ և ցանկանում են հանդիպել վարչապետին։

«Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները չեն կարողանում աշխատել»,-ասել են նրանք։

***

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 6-ին կհանդիպեն տրանսպորտի նախարարության պատասխանատուների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ, հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ: «Նրանք մեզ խոստացան խնդիրները քննարկել տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ապա հունիսի 6-ին աշխատանքային հանդիպում կազմակերպել նախարարության աշխատակիցների և մեզ հետ, և ճանապարհային քարտեզ պետք է որոշենք բոլորով միասին»,-տեղեկացրեց ցուցարարներից մեկը:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, անդրադառնալով նախկին լիցենզավորման համակարգին վերադառնալու վարորդների պահանջին, նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է: «Լիցենզավորումը եթե ներդնենք, լինելու են հստակ պահանջներ և պայմաններ: Լիցենզավորման նոր կարգն ավելի խիստ պահանջներ կառաջադրի, և չի լինելու նախկին բարձիթողի վիճակը»,-ասաց նա;

Վաղ առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուղևորափոխադրողները դժգոհում են, որ հունիսի 1-ից հայ վարորդների համար դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար նոր կարգ է գործելու: Վարորդները պահանջում են նաև վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր, քանի որ մրցութային գործող համակարգը նրանց չի գոհացնում: Ցուցարարները բողոքում են, որ լիցենզիա տալու համար պահանջում են, որ ընկերությունները պետք է ունենան նվազագույնը չորս նոր մեքենա, մինչդեռ ընկերություններ կան, որոնք երկու մեքենա ունեն:

Մայիսի 29-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց պահանջները և տեղեկացրել, որ նրանց կողմից առաջադրված խնդիրներն արդեն օրակարգում են:

2018 թվականի ապրիլի 27-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը:

Ըստ Համաձայնագրի՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար տրամադրվում է մեկանգամյա թույլտվություն:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005001277):


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը