Լրահոս

05.06.2018 12:14


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է: «Հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով համանախագահների կողմից նոր առաջարկություններին, Տիգրան Բալայանն ասաց, որ դեռևս նման տեղեկություններ չկան: «Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել»,-ասաց Բալայանը:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Նրանք հույս էին հայտնել հունիսին հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ:

***

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերոջ հետ բանակցություններից և ասուլիսից զատ, Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Նախատեսվում է նաև նախարարի հարցազրույցը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին:

«Հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին»,-ասաց Բալայանը:

Հունիսի 18-19-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը: «Ծրագրվում են հանդիպումներ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ»,- հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը