Լրահոս

20.02.2010 15:45


Ա. Հարությունյան. «Եթե որոշել էինք ինչ–որ մեկին ուղարկել, սուս–փուս կուղարկեինք»

«Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին անդրադառնալով՝ Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել է, որ Հանրային հեռուստատեսությունը որևէ օրենքով և պարտավորությամբ պարտավոր չէր մրցույթ անցկացնել, սակայն երկու տարի է, ինչ ընտրվել է մրցութային ձևը։

-Հանրային հեռուստատեսությունն ընդամենը կազմակերպել էր այդ համերգը,- ասել է նա։

Ինչ վերաբերում է sms քվեարկությանն ու ժյուրիին, ապա դրանցում անշուշտ եղել են խնդիրներ, և բջջային օպերատորների հետ ուսումնասիրությունները շարունակվում են։ Այդուհանդերձ, նա նշել է, որ դժվարությունները վերաբերել են բոլորին, և ուշացած հաղորդագրությունները, նրա խոսքերով, ոչ միայն չէին փոխում տեղերի հարաբերությունը, այլ գնալով շատացնում առաջին, երկրորդ և երրորդ տեղերի տարբերությունը։

-Եթե ես կամ Հանրային հեռուստատեսությունից ինչ-որ մեկը, ով կարող է որոշում կայացնել, որոշեին, որ ուղարկում են մի երգչի կամ երգչուհու, դրա համար բոլորովին հարկ չկար այդքան ծախս անել և մրցույթ կազմակերպել։ Ինչո՞ւ մենք պետք է մեր գլխին փորձանք սարքեինք. եթե որոշել էինք ինչ-որ մեկին ուղարկել, սուս-փուս կուղարկեինք,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը