Աշխարհ

07.06.2018 15:27


Բաքուն քննադատում է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի դիրքորոշումը

Բաքուն քննադատում է Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի դիրքորոշումը

Պաշտոնական Բաքուն քննադատել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը: «Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և այդ տարածքների շարունակական օկուպացիայով»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով մեր տարածքները «օկուպացրած» երկրի հետ»,-նաև հայտարարել է Հաջիևը:

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այսօր ավելի վաղ՝ իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս, նա խորհրդարանում հայտարարեց, որ չի կարող Արցախի անունից բանակցություններ վարել, ինչպես արել են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

«Ճիշտ են արել թե սխալ՝ դա ուրիշ խնդիր է, բայց նրանք դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է: Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք դրան ոնց ենք վերաբերվում: Բայց նույնը չեմ կարող անել ես: Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հիմնավորում», - շեշտեց Փաշինյանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը