Հարցազրույց

13.06.2018 10:34


«Մինսկը կատարում է բավականին կեղտոտ ֆունկցիա. հայկական կողմը պետք է դեմարշ անի». քաղաքագետ

«Մինսկը կատարում է բավականին կեղտոտ ֆունկցիա. հայկական կողմը պետք է դեմարշ անի». քաղաքագետ

Բելառուսը Բաքվին զենք վաճառելով սպեկուլյանտի ֆունկցիա է կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով, նույնկերպ, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կա պատժամիջոցների պատերազմ, այդ արանքում Բելառուսը փորձում է շահույթ ստանալ՝ վաճառելով արեւմտյան ապրանքները ռուսական շուկայում իբրեւ բելառուսական։ «Մոտավորապես նույնը Բելառուսն իրականացնում է ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի տարածքում, երբ փորձում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զենք-զինամթերք, որը Ռուսաստանը նման գնով չի վաճառել։ Կարելի է ասել, որ Մինսկը կատարում է բավականին կեղտոտ ֆունկցիա։

Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի բարձրացնել այդ հարցը եւ փորձի ազդել այդ երկրի վրա։ Հայաստանը պետք է կարողանա այնպիսի վիճակի հասնել, որ Բելառուսում հասկանան, որ Ադրբեջանին նման զենքի վաճառքն իրենց համար ավելի շատ բացասական ազդեցություն կունենա, քան այն շահը, որ ստանում են զենքի վաճառքից»,-ընդգծեց քաղաքագետը։

Հարցին, թե կոնկրետ ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը, Բոզոյանը պատասխանեց, որ Հայաստանը չունի այդպիսի ազդեցություն, բայց ժամանակի ընթացքում հայկական կողմը պետք է կարողանա կառուցել այդպիսի մի գործոն, որով կկարողանա ազդել Բելառուսի վրա. «Բելառուսը միշտ փորձելու է այդ կեղտոտ ֆունկցիան կատարել։ Օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, իսկ Հայաստանն անդամ է եւ կարողանում է ավելի արտոնյալ պայմաններով եւ մատչելի գներով սպառազինություն գնել, Բելառուսը փորձում է մտնել այդ հարաբերությունների արանքը եւ այնպիսի առաջարկներ է անում Ադրբեջանին, որ շահեկան է դառնում վերջինիս համար։ Սա շատ կեղտոտ քաղաքականություն է, եւ Հայաստանը չունի որեւէ լծակ այդ ամենի վրա ազդելու համար։ Բայց Հայաստանը պետք է սկսի մտածել այդ ուղղությամբ»։

Հարցին, թե ինչպես եք գնահատում փաստը, որ Բելառուսի կողմից Բաքվին զենք վաճառելու տեղեկատվության ֆոնին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ, Բոզոյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ տիպի հարաբերություններում պետք է մեխ մտցնել, այսինքն ցույց տալ, որ Հայաստանն այստեղ խնդիր ունի։ Պետք է կոնկրետ քայլեր անել։ Թեեւ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը ֆորմալ բնույթ ունի, սակայն հայկական կողմը այստեղ էլ պետք է դեմարշներ անի՝ ցույց տալով, որ այն, ինչ անում է պաշտոնական Մինսկը, այնքան էլ բարոյական չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը