Լրահոս

14.06.2018 09:22


Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին

Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին

Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ՊԵԿ լրատվականից:

«Նրան ծանուցումն ուղարկվել է միայն երեկ»,-նշեցին լրատվականից:

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապեսխոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու,պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը