Հարցազրույց

14.06.2018 20:11


Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Ադրբեջանը խորքից ուժեր է տեղաշարժում դեպի շփման գիծ. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ սահմանամերձ շրջաններում տեղակայելով ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի խորքերում։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Ըստ Բաբայանի, 2016 թվականի ապրիլից նման բան չէր նկատվել։

«Ազատություն». - Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ վերջին օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ։ Ի՞նչ է տեղի ունենում, արդյո՞ք սա խոսում է հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին։

Բաբայան. - Գիտեք, ապրիլ ամսից նրանք կուտակումներ են իրականացրել սահմանի գրեթե ողջ երկայնքով և տեղակայել են սահմանամերձ շրջաններում ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության խորքերում։ Իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ընդհանրապես ակտիվացել է տեղաշարժն այդ ստորաբաժանումների։ Իհարկե, Արցախի Պաշտպանության բանակն ամեն ինչ անում է, համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռվածությունը պահպանելու, ռազմավարական նախաձեռնողականությունը մեր ձեռքերում պահելու ուղղությամբ։

«Ազատություն». - Ի՞նչ ստորաբաժանումների մասին է խոսքը։

Բաբայան. - Տարբեր ստորաբաժանումներ, որոնց տեղակայման վայրը գտնվում է, ասենք, Բաքվում, Շեմախիում, տարբեր այլ տեղեր, այսինքն՝ Ադրբեջանի խորքում, որոնք տեղակայված չեն սահմանամերձ շրջաններում, և 2016 թվականի ապրիլ ամսից նման բան չէր նկատվել։

«Ազատություն». - Այդ ակտիվացումն էլի խորքո՞ւմ է նկատվում, թե՞ արդեն շփման գծում։

Բաբայան. - Չէ, խորքից ստորաբաժանումները բերել են առաջնագծի մոտ։

«Ազատություն». - Վերջին օրերի այդ ակտիվացման մասին որ խոսեցիք, սահմանի երկայնքո՞վ է այդ ակտիվացումը տեղի ունենում։

Բաբայան. - Որոշ հատվածներում. բնական է, լեռնային հատվածներում դա այնքան չէ, ավելի շուտ արևելյան շրջաններում է, որտեղ ռելիեֆը տափաստանային է։

Նշենք՝ հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ «վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ»:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր», - ասված էր հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը