Քաղաքական

14.06.2018 21:10


Սմբատ Գոգյանի նշանակումը հիասթափեցրել է գիտնականներին

Սմբատ Գոգյանի նշանակումը հիասթափեցրել է գիտնականներին

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի պաշտոնից ազատումը հիասթափեցրել է գիտնականներին՝ նոր իշխանության՝ գիտության ոլորտում արված քայլերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հոգեբանությանգիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Նա ընդգծեց, որ Լիլիթ Արզումանյանն այն պետական պաշտոնյան էր, ով պայքարում էր գրագողության դեմ և ով վերացրել էր կոռուպցիան:

«Նորանշանակ ԲՈՀ ղեկավար Սմբատ Գոգյանի մասին ասում են, որ նա տաղանդավոր գիտնական է, բայց չէ՞ որ, եթե նա պաշտոն ունենա, այն իրեն կկործանի: Տաղանդավոր գիտնականին պետք չէ վարչական աշխատող դարձնել»,-նշեց Խուդոյանը:

Նրա համոզմունքով՝ Լիլիթ Արզումանյանին չվերանշանակելու դեպքում ամենաքիչը պետք է Գոգյանի տեղակալ նշանակեն, որպեսզի երիտասարդին ուղղություն տա: Սակայն Խուդոյանը նաև շեշտեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի հենց Սմբատ Գոգյանին նշանակեին Լիլիթ Արզումանյանի տեղակալ:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ նշեց, որ իրեն ցնցել է Լիլիթ Արզումանյանին պաշտոնից ազատելու և Սմբատ Գոգյանին նշանակելու լուրը:

«Ասում են, որ նա տաղանդավոր երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք Facebook-ում դրված իր նկարները: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր գիտնականները վիրավորված են:

Տոնոյանը ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավարի վերաբերյալ ասաց, որ նա շատ բան ուներ սովորելու Լիլիթ Արզումանյանից:

***

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Սամվել Հարությունյանի վերանշանակվելը մեծ աղմուկ է բարձրացրել գիտնականների շրջանում, և նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում հոգեբանական գիտություններիդոկտոր Սամվել Խուդոյանն ասաց, թե քանի որ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը փաստեր է ցանկանում տվյալ պաշտոնյայի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապի մասին, ինքը կներկայացնի դրանք:

«Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Արզումցյան: Նրանք Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Երկու պատճառ կարող է լինել այս ամենին: Մեկն այն է, որ այս մարդիկ խոշոր գիտնականներ են, և անընդհատ պետք է նրանց աջակցել, որ համաշխարհային գիտությունը հանկարծ չտուժի, կամ նրանք Սամվել Հարությունյանի ընկերներն են»,-ասաց նա:

Նա գրեթե համոզված է, որ պատճառը ոչ թե ընկերության նկատմամբ սերն է, այլ շահը: «Այսինքն՝ այն տրամաբանությունն է՝ ես քեզ օգնում եմ փող աշխատել, որ դու հարկեր տաս»:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանն էլ իր հերթին ասաց, որ Սամվել Հարությունյանի ամենամեծ քննադատն ինքն է եղել, սակայն արդարության համար նշեց, որ կոռուպցիայի հարց չի տեսել:

ՀՀ վարչապետի որոշմամբ Սամվել Հարությունյանը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեինախագահ է նշանակվել 2007 թվականի նոյեմբերի 20-ին և 2018 թվականին վերանշանակվել իր պաշտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը