Լրահոս

16.06.2018 21:14


Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Վարչապետին և Արցախի նախագահին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Վարչապետ Փաշինյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:

***

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են բանակաշինության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:

Այս խորագրի վերջին նյութերը