Քաղաքական

17.06.2018 21:23


Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ ձերբակալված (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ ձերբակալված (տեսանյութ)

Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Դատարանի որոշումն այդպիսին է, որ նա կշարունակի մնալ արգելանքի տակ»,-ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, որ դատարանը երկու դեպքում կարող է ձերբակալումից ազատել անձին՝ երբ ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվում կամ երբ ձերբակալվածի կյանքին վտանգ է սպառնում նրան ձերբակալված պահելու վիճակում:

Հենց ձերբակալման իրավաչափությունն էլ բողոքարկում էին Գրիգորյանի փաստաբանները:

«Մեր պնդումն այն էր, որ պարոն Գրիգորյանը հանցագործություն կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո չի բռնվել, չի բերման ենթարկվել, ինչպիսի պահանջ որ նախատեսված է Սահմանադրությամբ պատգամավորին առանց Ազգային ժողովի համաձայնության ազատությունից զրկելու համար»,-ասաց Հրանտ Անանյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն զենք, զինամթերք ապօրինի պահելու, այլ նաև բանակին հասցեագրված օգնության յուրացման կասկածանքով, փաստաբանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունն իր համար էլ էր անակնկալ:

«Էս պահի դրությամբ նման կասկածանք առաջադրված չէ պարոն Գրիգորյանին: Դատական ստուգման ընթացքում էլ նրան նման փաստարկներ նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել»,-ասաց Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը, որ ինքը ապօրինաբար խմբի կազմում զենք զինամթերք է պահել, «թեև զինամթերք է հայտնաբերվել իրեն սեփականության իրավունքով պատկանող շենքերում, շինություններում»:

Այսպիսով, փաստաբանի խոսքով, կա՛մ 72 ժամվա ընթացքում գլխավոր դատախազը պիտի դիմի Ազգային ժողովին, քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, այդ թվում՝ նաև ազատության սահմանափակման հետ կապված խափանման միջոցի թույլտվություն ստանալու համար, կա՛մ խափանման միջոցը պետք է փոփոխվի և ընտրվի ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոց:

Հիշեցնենք, հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Ազգային Անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդագրության համաձայն, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»,-ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը