Լրահոս

20.06.2018 20:22


Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաև՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան

Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաև՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան

Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը: «Որոշ դեպքերում մարդիկ բուժման համար շարունակում են մեկնել արտասահման, բայց մենք մշտապես փորձում ենք մեր ձեռքը զարգացումների «զարկերակին պահել»»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Մրցակցությունը ենթադրում է մշտական ինքնակատարելագործում, առողջապահական վերջին նորարարություններին տիրապետելու ջանքեր: Սա թե՛ ֆինանսական, թե՛ սեփական ուժերի շատ լուրջ ներդրում է պահանջում:

Մասնագետ-անոթաբանը տալիս է առօրյայում ամենապիտանի խորհուրդները: Դիմել բժշկի, երբ հիվանդությունները նոր են ձեւավորվում՝ Քամալյանի առաջին խորհուրդն է: Երակային համակարգի խնդիրների դեպքում հարկ է խուսափել ավելորդ քաշից, երկարատեւ անշարժ վիճակներից, անգամ եթե աշխատանքը այդպիսին է՝ ընթացքում պետք է պարբերաբար վեր կենալ, քայլել, որոշ վարժություններ անել:

Խուսափել ձիգ, կտրող հագուստից, որը մարմնի որեւէ հատված կարող է ձգել, կտրել, օրինակ՝ մոդայիկ ջինսերից, ոչ բնական նյութից պատրաստված ներքնազգեստից, կոշիկի քուղերից: Շատ տաք ջրով լողանալը, սաունաները թուլացնում են անոթները ու երակային արդեն առկա խնդիրները սրում: Մազանոթային ցանցի խնդրի հակման դեպքում ցանկալի չեն արեւայրուքը, սոլյարիները:

Տնական մեթոդները՝ մի կողմ՝ հորդորում է մասնագետը: Քամալյանի համոզմամբ՝ բուժման այլընտրանքային, տնական, կոսմետիկ պրոցեդուրաներից հարկ է զերծ մնալ, քանի որ ոչ մասնագիտական մոտեցումները վերջում առավել ծախսատար են դուրս գալիս: Այդպիսով մարդը ոչ միայն ծախսում է միջոցներ, այլեւ ժամանակը, ինչը հիվանդության խորացման տեսանկյունից անվերադարձնելի է:

Միայն այն ռիսկը, որ թրոմբոզը կարող է ավելի կարեւոր անոթ խցանել ու վիճակը ծանրացնել, դրդում է ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետի դիմել: Այլընտրանքային միջոցները քիչ դեպքերում են արդարացված. քացախը կամ քսուկները անոթային խնդիրների դեպքում կարող են փոքր-ինչ մեղմել ցավերը, բայց միայն այդքանը ու վերջ:

Մասնագետը հիվանդների հետ աշխատելու ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական հատուկ մոտեցման կողմնակիցն է: Պետք է նաեւ հոգեբան լինել, երբ հիվանդին «ծանր» տեղեկությունը է պետք հաղորդել: Օրինակ՝ վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը Քամալյանը համարում է պատճառը բացատրել փորձելը: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:

«Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ: Երբ վիրահատություն ենք առաջարկում՝ մեկնաբանում ենք անպայման՝ պրոթեզավորել կարելի է ամեն ինչ, բայց որքան շուտ դիմենք վիրահատության, այդքան ավելի լավ արդյունք կլինի, եւ այդքան ավելի մեծ հատված կարող ենք փրկել: Շատ կարեւոր է, որ կարողանանք ծունկը փրկել, քանի որ այդպես պացիենտը կկարողանա պրոթեզը շարժել ինքնուրույն և քայլել նույնիսկ առանց ձեռնափայտ:

«Հիվանդին չխաբելը՝ սկզբունք, ժպտալը՝ պարտադիր»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Նրա համոզմամբ՝ ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չի կարելի խաբել: Հարկ է փորձել նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է: Եթե բժշկի տրամադրությունը լավ է, ուրեմն իմ մոտ ամեն ինչ լավ է՝ մտածում են: Ամեն կոնկրետ դեպք առանձին մոտեցում է պահանջում:

Հիվանդին պետք է դարձնել օպտիմիստ: Մարդը նույն բանին կարող է տարբեր կերպ նայել, օրինակ՝ «ինչ լավ է՝ միայն մատի անդամահատմամբ խնդիրը լուծեցինք», ոչ թե՝ «մի մատն ինչ էր՝ չկարողացար փրկել»: Հիվանդին պետք է ռեալ ներկայացնել իր շանսերը, ավել հույսեր տալ պետք չէ: Բայց նաեւ պարտադիր է լայն ժպիտով շեշտել՝ ամեն ինչ լավ է լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը