Աշխարհ

21.06.2018 16:52


Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)

Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)

Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին եւ Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն:

Սմիթսոնիան մշակութային հաստատության կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային բազմազանությունը, ինչպես նաեւ՝ հայերի բնավորությանը բնորոշ հատկանիշները, պատմում է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը.

«Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», եւ մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն, որքան կարեւոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը»:

Փառատոնի շրջանակներում Հայաստանից ժամանած խոհարարը սովորեցնելու է ցանկացողներին հայկական ուտեստներ պատրաստել: Երեւանից եւ Գյումրիից ժամանած երաժիշտներ, խաչքարագործ, դարբին, քարագործ, գորգագործ՝ հայ արհեստավորները տեղում սովորեցնելու են բոլոր ցանկացողներին ավանդական արհեստներ, իսկ առանձին տաղավարում մարդիկ կարող են համտեսել եւ գնել հայկական գինիներ, ինչպես նաեւ ծանոթանալ Հայաստանում գինեգործության պատմությանը:

«Չեմ բացելու բոլոր գաղտնիքները, սակայն, բազմաթիվ հաճելի անակնկալներ են լինելու»:

Հայկական ուտեստների առանձնահատկությունը փոխանցելու համար որոշվել է նույնիսկ Վաշինգտոնի ազգային պուրակում իսկական հայկական թոնրի լավաշ թխել: Հատուկ դրա համար Հայաստանից թոնիր է բերվելու, իսկ Հայաստանից ժամանած մասնագետը տեղում սովորեցնելու է բոլոր ցանկացողներին իրենց սեփական տներում թոնիր կառուցել:

Յուրաքանչյուր տարի Սմիթսոնիան փառատոնի այցելուների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանք բոլորը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայկական մշակույթին եւ հյուրասիրությանը, այլեւ կրկնօրինակել հայկական ավանդույթները: Իսկ երեկոյան Վաշինգտոնի կենտրոնում հնչելու է հայկական երաժշտություն:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը