Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, Շմայսը ասաց՝ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում
1994 թվականի փետրվարն էր:
Արցախում ծանր ժամանակներ էին: Մարտակերտի ճակատում մարտեր էին ընթանում: Արցախում կար նաև սննդամթերքի պակաս:
Ծանր կոնտուզիայից հետո աջ ականջիս լսողությունը չէր վերականգնվում: Շարունակում էի բուժումներ ընդունել: Կրտսեր եղբայրս՝ Հայկը, Մարտակերտում էր՝ հինգերորդ բրիգադում: Ավագ եղբայրս՝ Զորիկը, Նախիջևանի սահմանում էր: Սահմանից վերադարձած տղաների հետ որոշեցինք սննդամթերք հավաքել Արցախի համար: Երկու օրվա ընթացքում մի մեծ մեքենա սննդամթերք հավաքեցինք: Հայաստանում էլ վիճակը լավ չէր, բայց մարդիկ մեծ սիրով էին բաժին հանում պատերազմի մեջ գտնվող արցախցիներին: Մնում էր մեքենայի համար վառելիք ճարել, որպեսզի կարողանայինք բեռը հասցնել Արցախ: Տղաներով դիմեցինք Արթիկի գործկոմի նախագահին, որն էլ ասաց, որ իրենց պատվիրակությունը հաջորդ օրը պատրաստվում է մեկնել Մարտակերտ՝ Արթիկից եռամսյա հավաքներին մասնակցող տղաներին այցելության, և իրենք ուրախ կլինեն, որ մեր հավաքած սննդամթերքն էլ տարվի Մարտակերտ և մեզ վառելիք տրամադրեցին:
Հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք: Պատվիրակության մեջ էին Արթիկի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանը, Արթիկի դատախազը, ԿԳԲ-ի պետը, մի քանի հիմնարկների ղեկավարներ և լրագրողներ: Ճանապարհին՝ Ստեփանակերտում, մեզ միացան նաև Պարգև սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը: Մինչև իրիկուն հազիվ հասանք Մարտակերտ: Գիշերելու համար մեզ տարան Մեծ Շեն գյուղի դպրոց: Պատվիրակության ղեկավար կազմին անկողնային պարագաներ տվեցին: Մեզ ոչինչ չտվեցին: Ստիպված քնեցինք տախտակներով սարքած չոր նառերի վրա: Նախաճաշից հետո դուրս եկա գյուղամեջ: Զինված երկու հոգի մոտեցան և զգուշացրեցին, որ այսինչ ուղղությամբ չի կարելի գնալ, քանի որ այնտեղ Մանվելի շտաբն է: Շտաբին մոտենալ հնարավոր չէր, քանի որ այն պաշտպանված էր եռակի օղակով:
Վերադարձա դպրոց: Դպրոցի ճանապարհին հանդիպեցի երկար մորուքով մի երիտասարդի, ում դեռ մի տարի առաջ Լաչինի միջանցքի հարավային սահմանների «ԿՈԲՐԱ» կոչվող դիրքերում էի հանդիպել: Բարևելուց և ողջագուրվելուց հետո երկար զրույցի բռնվեցինք: Հրաչին ասացի, որ ուզում եմ կրտսեր եղբորս տեսնել, որը ծառայում է Մասիսի գումարտակում: Հրաչը ձայնը ցածրացնելով և զգուշավոր շուրջը նայելով՝ ասաց. -Ինքնուրույն ոչինչ չնախաձեռնես: Մանվելից, Շմայսից և Լյովայից (Երանոսյան) աշխատիր հեռու մնալ: Դրանցից մարդկային ոչինչ չսպասես: Եթե ուզում ես եղբորդ տեսնել, ապա փորձիր գտնել Մասիսի գումարտակի հրամանատար Լյովային: Ամբողջ հրամկազմի մեջ միակ նորմալ մարդն է: Մասիսի Լյովային գտնել չհաջողվեց: Միակ բանը որ իմացա՝ Լյովան ջրամբարի պատվարի կողմերն էր, որտեղ և եղբայրս էր: Դպրոցի մոտ վեց հոգի՝ քաղաքացիական հագուստներով, ինչ-որ գործ էին անում: Ինձ տեսնելով՝ նրանցից մեկը մոտեցավ: Մի քիչ երկար նայելուց հետո հարցրեց. -Մանթաշի՞ց ես: -Այո՛,-պատասխանեցի ես,-մենք ծանո՞թ ենք: -Ո՛չ, բայց ես Ձեզ տեսել եմ գյուղում: Մայրս Մանթաշից է: Ես Չախոյան Լևոնի թոռն եմ: - Ուրախ եմ,-ասացի ես և սեղմեցի նրա ձեռքը:
Երիտասարդի անունը Արամ էր: Արամը պատմեց, որ ինքը՝ իր Կամազով, Փարաքարի խաչմերուկից անցնելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են Շմայսը և իր տղաները: Ավտոմատները նրա վրա պահելով՝ նրան իջեցրել են մեքենայի ղեկից, մեկը նստել է Արամի մեքենայի ղեկին և մեքենան տարել են զորամասերից մեկի պահեստ: Զինամթերք բառնալուց հետո ևս հինգ մեքենաների հետ շարժվում են դեպի Մարտակերտ: Արամի խնդրանքներին, որ թույլ տան գոնե զանգ տա տուն և ասի, որ ինքը մեկնում է Արցախ, Շմայսը միայն ցինիկորեն ծիծաղել է և թույլ չի տվել զանգել: Արամը և իր հետ եկած վարորդները արդեն 16 օր Մարտակերտում էին և ոչ մեկի ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ են նրանք: Նա երկար պատմում էր , թե ինչ դաժան վերաբերմունքի և նվաստացումների են իրենց ենթարկում: Վերջին պահին նա նկատելով դեպի մեր կողմ եկող մեկին՝ վազելով վերցրեց բահը և շարունակեց աշխատել: Իմ հարցին, թե ո՞վ է եկողը, նա շշուկով ասաց. -Սա Շմայսի մոտ ծեծող է աշխատում: Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, բայց Շմայսը եկավ և շատ չոր և կոպիտ տոնով ասաց, որ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում: Գիշերը նորից մնացինք Մեծ Շենի դպրոցում: Չոր տախտակների վրա քնել չէր լինում : Բացի այդ, երկար մտածում էի լսածներիս վրա և հավատս չէր գալիս, որ այս ամենը տեղի էր ունենում մեր հողի վրա:
Գիշերվա կեսին բարձր աղմուկ լսեցի: Երանոսյան Լյովան և էլի երեք հոգի բարձր ձայնով հռհռում էին կողքի սենյակում: Նրանցից մեկը գոռաց, որ վարորդներից մեկը իրեն ջուր բերի: Վարորդը դույլը և բաժակը տարավ նրա մոտ: Սա վերցրեց բաժակը և կես կում անելուց հետո բաժակի ջուրը շփեց վարորդի դեմքին: Հետո մոտենալով վարորդին՝ դույլով ջուրը լցրեց նրա գլխին ու գոռաց. -Քեզ չե՞մ ասել, որ գիշերվա համար ինձ էն վերևի աղբյուրի ջրից բերես: Թրջված և մինչև հոգու խորքը վիրավորված վարորդը վերցրեց դույլը և լուռ դուրս եկավ: Ես և ևս երկու հոգի մեր խմբից որոշեցինք միջամտել, բայց մյուս վարորդները վախվորած մեզ ետ պահեցին՝ ասելով, թե դրանց վիճակը չե՞ք տեսնում, ուռած են, հեռու մնացեք:
Առավոտյան մոտեցա Երանոսյան Լյովային, որը Մեծ Շենի պարետն էր և ասացի, որ եղբայրս Մատաղիսի պլատինի մոտի դիրքերում է: Ասացի, որ ես էլ եմ ազատամարտիկ և խնդրեցի, որ օգնի տեսնեմ եղբորս: Սա մի գոռոզ հայացք գցեց վրաս և ասաց. -Սա քո գիտեցած սահմանը չէ: Այստեղ քո իմացած օրենքները չեն գործում: ՍԱ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՂՆ Է: ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆ ՄԱՆՎԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ:
Ես ուզում էի շարունակել, բայց չգիտես որտեղից հայտնվեց Մասիսցի Հրաչը և ասաց. -Ես քեզ արդեն զգուշացրել էի: Դու խելքդ հացի հե՞տ ես կերել, որ փորձում ես սրանց հետ վիճել: Քո գնալուց հետո սրանք կարող են եղբորդ էլ վնասել:
Հաջորդ օրվա ապարդյուն փորձերից հետո արդեն պատրաստվում էինք վերադառնալ, երբ մի քանի վայրկյանով ինձ մոտեցավ վարորդ Արամը և ինձ մի թուղթ տվեց, որի վրա իր տան հեռախոսի համարն էր և խնդրեց, որ Երևան հասնելուց հետո զանգեմ և կնոջը տեղեկացնեմ, որ ինքը Մարտակերտում է և ողջ-առողջ է: Բայց նաև խնդրեց, որ մանրամասներ չպատմեմ:
Եղեգնաձորի մուտքի մոտ մի զորամաս կար, որը նախկին Գյուղտեխնիկայի շենքն էր: Այդ զորամասում էլ, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում էր ավագ եղբայրս՝ Զորիկը: Կրտսեր եղբորս՝ Հայկին չտեսնելու փաստը շատ էր գցել տրամադրությունս և որոշեցի գոնե Զորիկին հանդիպել: Մտա ԿՊՊ, բայց այնտեղ էլ իմացա, որ Զորիկը Խաչիկ գյուղի դիրքերում է:
Երեկոյան հասանք Երևան և առաջին գործը, որ արեցի, Արամի տուն զանգելն էր: Շատ կարճ ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպե միայն հեկեկոց էի լսում և միայն վերջում արցունքների ու հեկեկոցի միջից լսեցի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը:
Այսպես, Շմայսների և երանոսյանլյովաների պատճառով չկարողացա տեսնել եղբորս: Հրադադարից 12 օր առաջ՝ 1994-ի ապրիլի 28-ին, Հայկը զոհվեց: Հետագայում իմացա, որ զոհվել էր նաև Մասիսցի Հրաչը:
Հ.Գ.
Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի: Երկիրապահում է աշխատում: Ինձ հանդիմանում էր, որ ես չեմ շփվում ԵԿՄ-ի հետ և իմ երեխաներին չեմ ուղարկում ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ միջոցառումներին: Ես ասացի, որ կատակով այն անվանում եմ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՎԵԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՇՄԱՅՍԻԿՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ: Իմ հարցին, թե ի՞նչ են անելու նրանք այդ միջոցառումներին, նա պատասխանեց, որ ԶՈՐԱՎԱՐԻ գալու օրերին մի քանի երգեր են երգելու, դրա դիմաց ամառվա մի ամիսը կարող են անվճար ճամբար գնալ:
Չէ, այսքան տարի առանց ճամբարի յոլա ենք գնացել, էլի կգնանք...
Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, Շմայսը ասաց՝ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում
1994 թվականի փետրվարն էր:
Արցախում ծանր ժամանակներ էին:
Մարտակերտի ճակատում մարտեր էին ընթանում:
Արցախում կար նաև սննդամթերքի պակաս:
Ծանր կոնտուզիայից հետո աջ ականջիս լսողությունը չէր վերականգնվում: Շարունակում էի բուժումներ ընդունել:
Կրտսեր եղբայրս՝ Հայկը, Մարտակերտում էր՝ հինգերորդ բրիգադում: Ավագ եղբայրս՝ Զորիկը, Նախիջևանի սահմանում էր:
Սահմանից վերադարձած տղաների հետ որոշեցինք սննդամթերք հավաքել Արցախի համար:
Երկու օրվա ընթացքում մի մեծ մեքենա սննդամթերք հավաքեցինք:
Հայաստանում էլ վիճակը լավ չէր, բայց մարդիկ մեծ սիրով էին բաժին հանում պատերազմի մեջ գտնվող արցախցիներին:
Մնում էր մեքենայի համար վառելիք ճարել, որպեսզի կարողանայինք բեռը հասցնել Արցախ:
Տղաներով դիմեցինք Արթիկի գործկոմի նախագահին, որն էլ ասաց, որ իրենց պատվիրակությունը հաջորդ օրը պատրաստվում է մեկնել Մարտակերտ՝ Արթիկից եռամսյա հավաքներին մասնակցող տղաներին այցելության, և իրենք ուրախ կլինեն, որ մեր հավաքած սննդամթերքն էլ տարվի Մարտակերտ և մեզ վառելիք տրամադրեցին:
Հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք:
Պատվիրակության մեջ էին Արթիկի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանը, Արթիկի դատախազը, ԿԳԲ-ի պետը, մի քանի հիմնարկների ղեկավարներ և լրագրողներ:
Ճանապարհին՝ Ստեփանակերտում, մեզ միացան նաև Պարգև սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը:
Մինչև իրիկուն հազիվ հասանք Մարտակերտ:
Գիշերելու համար մեզ տարան Մեծ Շեն գյուղի դպրոց:
Պատվիրակության ղեկավար կազմին անկողնային պարագաներ տվեցին:
Մեզ ոչինչ չտվեցին: Ստիպված քնեցինք տախտակներով սարքած չոր նառերի վրա:
Նախաճաշից հետո դուրս եկա գյուղամեջ:
Զինված երկու հոգի մոտեցան և զգուշացրեցին, որ այսինչ ուղղությամբ չի կարելի գնալ, քանի որ այնտեղ Մանվելի շտաբն է:
Շտաբին մոտենալ հնարավոր չէր, քանի որ այն պաշտպանված էր եռակի օղակով:
Վերադարձա դպրոց:
Դպրոցի ճանապարհին հանդիպեցի երկար մորուքով մի երիտասարդի, ում դեռ մի տարի առաջ Լաչինի միջանցքի հարավային սահմանների «ԿՈԲՐԱ» կոչվող դիրքերում էի հանդիպել:
Բարևելուց և ողջագուրվելուց հետո երկար զրույցի բռնվեցինք:
Հրաչին ասացի, որ ուզում եմ կրտսեր եղբորս տեսնել, որը ծառայում է Մասիսի գումարտակում:
Հրաչը ձայնը ցածրացնելով և զգուշավոր շուրջը նայելով՝ ասաց.
-Ինքնուրույն ոչինչ չնախաձեռնես: Մանվելից, Շմայսից և Լյովայից (Երանոսյան) աշխատիր հեռու մնալ: Դրանցից մարդկային ոչինչ չսպասես: Եթե ուզում ես եղբորդ տեսնել, ապա փորձիր գտնել Մասիսի գումարտակի հրամանատար Լյովային: Ամբողջ հրամկազմի մեջ միակ նորմալ մարդն է:
Մասիսի Լյովային գտնել չհաջողվեց: Միակ բանը որ իմացա՝ Լյովան ջրամբարի պատվարի կողմերն էր, որտեղ և եղբայրս էր:
Դպրոցի մոտ վեց հոգի՝ քաղաքացիական հագուստներով, ինչ-որ գործ էին անում:
Ինձ տեսնելով՝ նրանցից մեկը մոտեցավ:
Մի քիչ երկար նայելուց հետո հարցրեց.
-Մանթաշի՞ց ես:
-Այո՛,-պատասխանեցի ես,-մենք ծանո՞թ ենք:
-Ո՛չ, բայց ես Ձեզ տեսել եմ գյուղում: Մայրս Մանթաշից է: Ես Չախոյան Լևոնի թոռն եմ:
- Ուրախ եմ,-ասացի ես և սեղմեցի նրա ձեռքը:
Երիտասարդի անունը Արամ էր:
Արամը պատմեց, որ ինքը՝ իր Կամազով, Փարաքարի խաչմերուկից անցնելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են Շմայսը և իր տղաները:
Ավտոմատները նրա վրա պահելով՝ նրան իջեցրել են մեքենայի ղեկից, մեկը նստել է Արամի մեքենայի ղեկին և մեքենան տարել են զորամասերից մեկի պահեստ:
Զինամթերք բառնալուց հետո ևս հինգ մեքենաների հետ շարժվում են դեպի Մարտակերտ:
Արամի խնդրանքներին, որ թույլ տան գոնե զանգ տա տուն և ասի, որ ինքը մեկնում է Արցախ, Շմայսը միայն ցինիկորեն ծիծաղել է և թույլ չի տվել զանգել:
Արամը և իր հետ եկած վարորդները արդեն 16 օր Մարտակերտում էին և ոչ մեկի ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ են նրանք:
Նա երկար պատմում էր , թե ինչ դաժան վերաբերմունքի և նվաստացումների են իրենց ենթարկում:
Վերջին պահին նա նկատելով դեպի մեր կողմ եկող մեկին՝ վազելով վերցրեց բահը և շարունակեց աշխատել:
Իմ հարցին, թե ո՞վ է եկողը, նա շշուկով ասաց.
-Սա Շմայսի մոտ ծեծող է աշխատում:
Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, բայց Շմայսը եկավ և շատ չոր և կոպիտ տոնով ասաց, որ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում:
Գիշերը նորից մնացինք Մեծ Շենի դպրոցում:
Չոր տախտակների վրա քնել չէր լինում :
Բացի այդ, երկար մտածում էի լսածներիս վրա և հավատս չէր գալիս, որ այս ամենը տեղի էր ունենում մեր հողի վրա:
Գիշերվա կեսին բարձր աղմուկ լսեցի:
Երանոսյան Լյովան և էլի երեք հոգի բարձր ձայնով հռհռում էին կողքի սենյակում:
Նրանցից մեկը գոռաց, որ վարորդներից մեկը իրեն ջուր բերի:
Վարորդը դույլը և բաժակը տարավ նրա մոտ:
Սա վերցրեց բաժակը և կես կում անելուց հետո բաժակի ջուրը շփեց վարորդի դեմքին: Հետո մոտենալով վարորդին՝ դույլով ջուրը լցրեց նրա գլխին ու գոռաց.
-Քեզ չե՞մ ասել, որ գիշերվա համար ինձ էն վերևի աղբյուրի ջրից բերես:
Թրջված և մինչև հոգու խորքը վիրավորված վարորդը վերցրեց դույլը և լուռ դուրս եկավ:
Ես և ևս երկու հոգի մեր խմբից որոշեցինք միջամտել, բայց մյուս վարորդները վախվորած մեզ ետ պահեցին՝ ասելով, թե դրանց վիճակը չե՞ք տեսնում, ուռած են, հեռու մնացեք:
Առավոտյան մոտեցա Երանոսյան Լյովային, որը Մեծ Շենի պարետն էր և ասացի, որ եղբայրս Մատաղիսի պլատինի մոտի դիրքերում է: Ասացի, որ ես էլ եմ ազատամարտիկ և խնդրեցի, որ օգնի տեսնեմ եղբորս:
Սա մի գոռոզ հայացք գցեց վրաս և ասաց.
-Սա քո գիտեցած սահմանը չէ: Այստեղ քո իմացած օրենքները չեն գործում: ՍԱ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՂՆ Է:
ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆ ՄԱՆՎԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ:
Ես ուզում էի շարունակել, բայց չգիտես որտեղից հայտնվեց Մասիսցի Հրաչը և ասաց.
-Ես քեզ արդեն զգուշացրել էի: Դու խելքդ հացի հե՞տ ես կերել, որ փորձում ես սրանց հետ վիճել: Քո գնալուց հետո սրանք կարող են եղբորդ էլ վնասել:
Հաջորդ օրվա ապարդյուն փորձերից հետո արդեն պատրաստվում էինք վերադառնալ, երբ մի քանի վայրկյանով ինձ մոտեցավ վարորդ Արամը և ինձ մի թուղթ տվեց, որի վրա իր տան հեռախոսի համարն էր և խնդրեց, որ Երևան հասնելուց հետո զանգեմ և կնոջը տեղեկացնեմ, որ ինքը Մարտակերտում է և ողջ-առողջ է: Բայց նաև խնդրեց, որ մանրամասներ չպատմեմ:
Եղեգնաձորի մուտքի մոտ մի զորամաս կար, որը նախկին Գյուղտեխնիկայի շենքն էր: Այդ զորամասում էլ, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում էր ավագ եղբայրս՝ Զորիկը:
Կրտսեր եղբորս՝ Հայկին չտեսնելու փաստը շատ էր գցել տրամադրությունս և որոշեցի գոնե Զորիկին հանդիպել:
Մտա ԿՊՊ, բայց այնտեղ էլ իմացա, որ Զորիկը Խաչիկ գյուղի դիրքերում է:
Երեկոյան հասանք Երևան և առաջին գործը, որ արեցի, Արամի տուն զանգելն էր: Շատ կարճ ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպե միայն հեկեկոց էի լսում և միայն վերջում արցունքների ու հեկեկոցի միջից լսեցի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը:
Այսպես, Շմայսների և երանոսյանլյովաների պատճառով չկարողացա տեսնել եղբորս:
Հրադադարից 12 օր առաջ՝ 1994-ի ապրիլի 28-ին, Հայկը զոհվեց:
Հետագայում իմացա, որ զոհվել էր նաև Մասիսցի Հրաչը:
Հ.Գ.
Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի:
Երկիրապահում է աշխատում:
Ինձ հանդիմանում էր, որ ես չեմ շփվում ԵԿՄ-ի հետ և իմ երեխաներին չեմ ուղարկում ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ միջոցառումներին:
Ես ասացի, որ կատակով այն անվանում եմ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՎԵԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՇՄԱՅՍԻԿՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ:
Իմ հարցին, թե ի՞նչ են անելու նրանք այդ միջոցառումներին, նա պատասխանեց, որ ԶՈՐԱՎԱՐԻ գալու օրերին մի քանի երգեր են երգելու, դրա դիմաց ամառվա մի ամիսը կարող են անվճար ճամբար գնալ:
Չէ, այսքան տարի առանց ճամբարի յոլա ենք գնացել, էլի կգնանք...
Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից