Աշխարհ

24.06.2018 21:06


Թուրքիայում ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին

Թուրքիայում ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին

Թուրքիայի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են. երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 59 մլն քաղաքացի: Նախնական դիտարկումներն արդեն վկայում են այն մասին, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բավականին բարձր է եղել:

Արտերկրում բնակվող թուրքերն արդեն իսկ կատարել էին իրենց ընտրությունը հունիսի 7-ից մեկնարկած ու 19-ին ավարտված քվեարկության ընթացքում. այդ նպատակով 60 երկրում բացված էր 123 ներկայացուցչություն:

Ընտրությունները չեն անցել առանց ընտրախախտումների: Ուշագրավ է, որ հատկապես ահազանգեր են ստացվել երկրի քրդաբնակ շրջաններում ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, թուրքական մեծ թվով լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ երկրի հարավ-արևելյան Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենա, որում 4 պարկ քվեաթերթիկ է եղել: Ավտոմեքենայում գտնվող երեք անձինք ձերբակալվել են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Բացի այդ, տեղեկություններ կան նաև այն մասին, թե Սուրուչի դպրոցներից մեկում ծագած վիճաբանության հետևանքով զոհ է գրանցվել, իսկ ոստիկանությունը առգրավել է քվեատուփերը: Լուրը, սակայն, նահանգապետարանը հերքել է: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից այս մասին հայտնել են, որ ունեն տեղեկություն դանահակահարության վերաբերյալ, սակայն զոհ գրանցվելու մասին տեղյակ չեն: Կան ահազանգեր Ուրֆայում այլ խախտումների մասին ևս:

Որոշ ընտրատեղամասերում գրանցվել են վիճաբանություններ տարբեր քաղաքական ուժերիր կողմնակիցների միջև, հարձակումներ են իրականացվել քրդամետ կուսակցության վստահված անձանց դեմ, քվեաթերթիկների լցոնման փորձեր են արվել: Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ուրֆայում իրենց վստահված անձինք բռնությամբ հեռացվել են ընտրատեղամասից:

Հետաքննություն է սկսվել 14 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 4-ը` իտալացի, 3-ը` ֆրանսիացի, 6 գերմանացի և 1-ը` իսլանդացի: Նրանք, ներկայանալով որպես օտարերկրյա դիտորդներ, խաբեությամբ փորձել են միջամտել ընտրական գործընթացին:

Իսկ Էրզրումում ընտրատեղամասում երկու ընտանիքի միջև ծագած զինված վեճի հետևանքով 2 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:

Նշենք, որ առաջինը հաշվվելու են նախագահական ընտրության քվեները: Քվեարկության նախնական պատկերը հստակ կլինի առաջիկա ժամերին:

Այս խորագրի վերջին նյութերը