Քաղաքական

25.06.2018 22:39


Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է (լրացված, տեսանյութ)

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է (լրացված, տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Կա նման բան, ես հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ»,-ասաց Գալստյանը:

***

2018 թվականի հունիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը:

Ինչպես Հատուկ քննչական ծառայությունից, վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:

Վերջինս, բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:

Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ:

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ:

Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը