Լրահոս

27.06.2018 15:52


Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին

Մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին՝ «Բանանց» ՖԱ-ի մարզիկին կաշառելու համար։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզչական տնօրեն Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու և պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ Ա.Հարությունյանին պատկանող ավտոմեքենայի մեջ։

Քննության տվյալներով՝ Ա.Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչական տնօրենի հետ և հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հունիսի 27-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը