Աշխարհ

29.06.2018 10:03


Կարծիք. Ավելի շատ ազգայնական և ավելի քիչ ժողովրդավարական Թուրքիան կարող չէ ուղիներ փնտրել Հայաստանի հետ երկխոսելու համար

Կարծիք. Ավելի շատ ազգայնական և ավելի քիչ ժողովրդավարական Թուրքիան կարող չէ ուղիներ փնտրել Հայաստանի հետ երկխոսելու համար

Կիրակի օրը Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ գործող նախագահ Էրդողանն ու նրա AKP կուսակցությունը: Փորձագետները քննարկում են ընտրությունների արդյունքներն ու դրանց հետևանքները

«Թուրքիայի Հանրապետությունն այժմ նոր էջ է բացում իր պատմության մեջ, և դեռևս պարզ չէ՝ ինչպիսի երկիր ենք ունենալու արդյունքում»,-նշում է թուրք լրագրող Իլհան Թանիրը:

Օրերս Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Էրդողանը վերընտրվեց իր պաշտոնում: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ ընտրություններն անցել են խախտումներով:

«Նախընտրական քարոզարշավը արդար և ազատ չէր: Պայմանները հավասար չէին: Նախագահ Էրդողանը լայնորեն օգտագործեց վարչական ռեսուրսը»,-նշում է Թանիրը:

«Ընտրություններում գրանցվեցին Խատումներ: Դա առաջին դեպքը չէ Թուրքիայի պատմության մեջ»,-ասում է պրոֆեսոր Ալի Չարկօղլուն:

Այս ընտրություններն աչքի ընկան ընդգծված հասարակական բևեռացմամբ և կոշտ քաղաքական պայքարով: Ընտրողների ձայների 53 տոկոս ստացած Էրդողանի մրցակիցն էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն, ով ստացավ ձայների ավելի քան 30 տոկոսը:

«Այս ընտրությունները չափազանց կարևոր էին, քանի որ վերահաստատում էին նախագահ Էրդողանի թիմի առաջ քաշած նոր համակարգը»,-ընդգծում է պրոֆեսոր Չարկօղլուն:

Հիշեցնենք, որ այս ընտրություններն արտահերթ էին: Վերլուծաբանների կարծիքով արտահերթ ընտրությունների նշանակման հիմքում էր ընկած Թուրքիայի տնտեսական իրավիճակը:

«Էրդողանը չի ցանկացել դիմել ռիսկի, քանի որտնտեսական իրավիճակը գնալով ավելի է բարդանում և մեծանում է ճգնաժամի հավանականույունը»,-կարծում է թուրք լրագրող Իլհան Թանիրը:

«2013 թվականից Թուրքիայի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի անկում: Բացի այդ, վերջին տարիներին առկա է արտաքին ներդրումների հոսքի զգալի կրճատում»,- փաստում է բանկային ոլորտի մասնագետ Չարլզ Ջոնսոնը:

Նախագահական ընտրություններին զուգահեռ անցան խորհրդարանական ընտրություններ: Էրդողանի իշխող AKP կուսակցությունը դաշինքով հանդես եկավ Ազգայնական շարժում կուսակցության հետ, որը ծայրահեղ աջ ազգայնական քաղաքական ուժ է:

«Ես այնքան էլ լավատես չեմ՝ հաշվի առնելով, որ Էրդողանը դաշինքի մեջ է ծայրահեղ աջ ազգայնականների հետ»,-արձագանքում է Բրուքինգս հաստատության թուրքական ծրագրի ղեկավար Քիմալ Քիրիսչին:

Թուրքիայում կպահպանվի ավտորիտար կառավարման մոդելը,, կարծում են փորձագետները: Իլհան Թահիրի կարծիքով՝ Էրդողանի վարած քաղաքականությունը հանգեցնում է հասարակական բեևեռվածության խորացմանը:

«Էրդողանը կշարունակի բեևեռացնել երկիրը: Այս վերջին տարիների նրա քաղաքականությունը հանգեցրել է դրան: Այս գործոնը նա օգտագործում է ընտրությունների ընթացքում»,-նշում է Թանիրը:

Արտաքին քաղաքականության բնագավառում ևս չկան մեծ փոփոխությունների ակնկալիքներ: Փորձագետների կարծիքով Էրդողանը կշարունակի նույն քաղաքականությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասը: Հայ-թուրքական հարաբերություններում և մի շարք այլ հիմնախնդիրներում, ըստ վերլուծաբանների, ևս չկա որևէ առաջընթացի հույս:

«Ավելի շատ ազգայնական և ավելի քիչ ժողովրդավարական Թուրքիան կարող չէ լուծել Կիպրոսի հիմնախնդիրը, Եվրամիության հետ վարել բանակցություններ և ուղիներ փնտրել Հայաստանի հետ երկխոսելու համար»,-կարծում է թուրք լրագրող Թանիրը:

Վերլուծաբանները գտնում են, որ նախագահ Էրդողանը մշտապես օգտագործում է արտաքին քաղաքական հիմնախնդիրներն իր ներքաղաքական օրակարգն առաջ մղելու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը