Լրահոս

24.02.2010 15:38


Ահազանգ-հաղորդագրություն, դիմում բողոք

 

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ' պարոն Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության

վարչապետ' պարոն Տիգրան Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության

վճռաբեկ դատարանի նախագահ'

պարոն Արման Մկրտումյանին

Հայաստանի Հանրապետության

հանրային խորհրդի նախագահ'

պարոն Վազգեն Մանուկյանին

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ'

պարոն Հովիկ Աբրահամյանին

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի պետաիրավական

հանձնաժողովի նախագահ'

պարոն Դավիթ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության

Գլխավոր դատախազ'

պարոն Աղվան Հովսեփյանին

 

Հայաստանի Հանրապետության

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական

շրջանների դատախազ' պարոն Հ.Սուքիասյանին

Հայաստանի Հանրապետության

Ոստիկանության պետ'

պարոն Ա.Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության

Ոստիկանության քննչական գլխավոր

վարչության պետ, ոստիկանապետի տեղակալ'

պարոն Գ.Համբարձումյանին

Հայաստանի Հանրապետության

Արդարադատության նախարար'

պարոն Գ. Դանիելյանին

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ'

պարոն Ռուբեն Սահակյանին

Հայաստանի Հանրապետության

Մարդու իրավունքների պաշտպան'

պարոն Ա. Հարությունյանին

ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական

բաժնի պետին

Դիմողներ'    

փաստաբան Արա Զոհրաբյան

«Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն'

Վահագն Բալաբեկյան

հասցե' ք.Երևան, Արշակունյաց 17

Հարգելի պարոն Նախագահ,

Հարգելի պարոնայք,

Սույն ահազանգ-հաղորդագրությունը տրվում է Ձեզ աննախադեպ և արդարադատության համակարգը բացարձակապես խարխլող ապօրինի գործողության կապակցությամբ:

23.02.2010թ. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ ոստիկանության ավագ լեյտենանտ Հ.Կ.Դելեյանը (այսուհետ' Քննիչ) «Առգրավում կատարելու մասին» որոշմամբ[1] հղում կատարելով  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55, 226-228 հոդվածներին, որոշել է «Արշակունյաց 17 հասցեում գործող «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ գրասենյակից առգրավել Արա Զոհրաբյանի համակարգիչը և տպիչը»:

Քննիչը նշված համակարգիչը ցանկանում էր առգրավել փաստաբան Արա Զոհրաբյանի վստահորդի հետ կապված իրավաբանական բնույթի փաստաթուղթ կազմելու փաստը ճշտելու համար: Հարկ է ավելացնել նաև, որ Արա Զոհրաբյանի համաձայնությամբ համակարգչի մեջ համապատասխան ֆայլը զննվել է (ներառյալ դրա կազմման ժամանակագրությունը) և տպվելուց հետո հանձնվել է Քննիչին:

Փաստաբան Արա Զոհրաբյանը Քննիչին է տրամադրել միայն տպիչը և հրաժարվել է համակարգիչը (պրոցեսորը) տրամադրելուց, պատճառաբանելով, որ 07.09.1990թ. «Իրավաբանների դերին վերաբերող սկզբունքներ» ՄԱԿ միջազգային պայմանագրի 22-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով համակարգչի մեջ առկա են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ:

Քննիչն առգրավել է տպիչը, իսկ համակարգչի պրոցեսորը փաստաբան Ա.Զոհրաբյանի կողմից չտրամադրելու պատճառով այս պահի դրությամբ դեռևս առգրավված չէ, սակայն առկա է այն հարկադիր առգրավելու ռեալ սպառնալիքը:

 

Քննիչի գործողությունների անօրինական լինելը.

07.09.1990թ. «Իրավաբանների դերին վերաբերող սկզբունքներ» ՄԱԿ միջազգային պայմանագրի 22-րդ կետի համաձայն' Կառավարությունները ընդունում և ապահովում են իրավաբանների և նրանց հաճախորդների ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը' նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն' արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների և հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն'

Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունը, որը վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն, և որոնք հայտնի չեն հանրությանը:

Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով իրեն դիմելու կամ իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ:

Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե՝

1) առկա է վստահորդի համաձայնությունը.

2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.

3) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն: Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ:

Վերը նշված նորմերի համաձայն, փաստաբանը կրում է փաստաբանական գաղտնիքը պահպանելու պարտականությունը և այն կարող է հրապարակել միայն վերոհիշյալ երեք դեպքերում, որոնք սույն առգրավման ժամանակ առկա չեն:

Փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգչի պրոցեսորի մեջ գտնվում են ոչ միայն վստահորդներ Ասպրամ Տոնոյանի և Սարիբեկ Սուքիասյանի հետ կապված տեղեկություններ, այլ նաև այլ վստահորդների և անձանց վերաբերող տեղեկություններ, որոնք ուղղակիորեն ներառում են փաստաբանական գաղտնիքի հասկացության մեջ:

Քննիչն իրավասու չէ փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկատվական նյութերն առգրավելու:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ և փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում և, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ և ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում:

Նախ, գտնում ենք, որ այս դատավարական կանոնը, չի կարող գերակայել միջազգային պայմանագրի, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նկատմամբ, այն պարզ պատճառաբանությամբ, որ'

-«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի համաձայն'

2. Իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի,

7. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

-«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն'

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Քննիչի կողմից խախտվել է նաև այս նորմի պահանջը, հետևյալ պատճառաբանությամբ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր 07.06.2007թ. վճռով (գորN 71362/01, Սմիրնով ընդդեմ Ռուսաստանի Դաշնության) փաստաբանի համակարգիչն առգրավելու փաստի հետ կապված հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«48. խուզարկության անցկացման միջոցների վերաբերյալ Եվրոպական դատարանը  նաև նշում է, որ խուզարկության անցկացման մասին որոշման չափից ավելի ընդհանուր ձևակերպումները ոստիկանության աշխատակիցներին  հնարավորություն են տվել իրենց հայեցողությամբ անսահմանափակ ազատություն դրսևորել, արդյոք ներկայացված փաստաթղթերը հետաքրքրություն ներկայացնում են քրեական գործի քննության համար:

Դա հանգեցրել է լայն խուզարկության և գույքի առգրավման: Նյութերի առգրավումը չի  չսահմանափակվել այն փաստաթղթերով,  որոնք վերաբերում են երկու մասնավոր ընկերությունների գործաարար հարաբերություններին: Բացի այդ ոստիկանության աշխատակիցները վերցրել էին նաև դիմումատուի անձնական գրառման գրքույկը, նրա համակարգչի պրոցեսորը և այլ նյութեր, ներառյալ շահերի ներկայացման լիազորագիրը, տրված քաղաքացիական գործի շրջանակներում, որը կապված չէ քրեական գործի քննության հետ, ինչպես նաև այլ գործով պայմանագրի նախագիծը:

Ինչպես վերը նշված է, բացակայել է մասնագիտական գաղտնիքին միջամտելու երաշխիքը, ինչպիսին է օրինակ փաստաթղթերի առգրավման արգելքը, որոնց վրա տարածվում է  հաճախորդ և փաստաբան փոխհարաբերությունների գաղտնիքը, կամ խուզարկության անցկացման նկատմամբ անկախ դիտորդի հսկողությունը, որը անկախ խուզարկության խմբի անդամներից ունակ է որոշել, թե որ փաստաթղթերի վրա փաստաբանական գաղտնիքը տարածվում  (Постановление Европейского Суда по делу "Саллинен и другие против Финляндии" (Sallinen and Others v. Finland) от 27 сентября 2005 г., жалоба N 50882/99,89, и Решение Европейского Суда по делу "Тамозиус против Соединенного Королевства" (Tamosius v. United Kingdom), жалоба N 62002/00, ECHR 2002-VIII):

Ուշադրություն դարձնելով ուսումնասիրված և առգրավված նյութերը, Եվրոպական դատարանը գտնում է, որ խուզարկությունը խախտել է պրոֆեսիոնալ գաղտնիքը այն աստիճանով, որ չի եղել դրված օրինական նպատակի հետ համամասնություն: Եվրոպական դատարանը այս կապակցությամբ կրկնում է, որ փաստաբանի հետ կապված դեպքերում, ֆրոֆեսիոնալ գաղտնիքի միջամտությունը կարող է ազդեցություն առաջացնել արդարադատության իրականացման, հետևաբար և այն իրավունքների, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (см. приведенное выше Постановление Европейского Суда по делу "Нимитц против Германии" (Niemietz v. Germany), с. 35-35, § 37):

49. Արդյունքում Եվրոպական դատարանը գտնում է, որ խուզարկությունը, որը կատարվել է առանց համապատասխան և բավարար հիմքերի և պրոֆեսիոնալ գաղտնիքի միջամտության երաշխիքի բացակայությամբ, դիմողի բնակարանում, որը չէր հանդիսանում հանցագործության մեջ կասկածվող, և ներկայացնում էր մեղադրյալի շահերը նույն քրեական գործով, չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Հետևաբար տեղ է գտել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում»:

Այստեղ հարկ է նկատել, որ փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգչում գտնվող Քննիչին հետաքրքրող ֆայլերն արդեն զննվել են, ստուգվել են դրանց կազմման և փոփոխման ամսաթվերը, և տպվել են: Համակարգչի պրոցեսորում առկա են այլ տեղեկություններ, որոնք չեն հանդիսանում նշված քրեական գործի համար էական նշանակություն ունեցող, հետևաբար ենթակա չեն առգրավման:

Վերոգրյալի հիման վրա,

հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քննիչի կողմից համակարգչի առգրավում կատարելը չկանխելու դեպքում, ուղղակիորեն կվտանգվի փաստաբանական ինստիտուտի կայացումը, քանի որ հաճախորդները կկորցնեն իրենց վստահությունը փաստաբանների նկատմամբ (իրենց կողմից գաղտնի տրված տեղեկությունները հետագայում այլ գործերով բացահայտվելու մտավախությամբ), ինչպես նաև նախաքննության մարմինը կարող է թույլ տալ այդ իրավունքի չարաշահում նպատակ ունենալով ճնշել փաստաբանին,

խնդրում եմ'

-Ձեր աջակցությունը, նախաքննության մարմնի կողմից փաստաբանի գործունեությանը միջամտելու փորձերը կանխելու կապակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազին ուղղված դատավարական խնդրանքը'

-«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ուժով, խնդրում եմ վերացնել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ ոստիկանության ավագ լեյտենանտ Հ.Կ.Դելեյանի 23.02.2010թ. «Առգրավում կատարելու մասին» որոշումը' համակարգիչն առգրավելու մասով:

Կից ներկայացվում է՝

1.արտոնագրի պատճենը,

2.առգրավում կատարելու մասին արձանագրության պատճենը:

Դիմողներ'

փաստաբան' Արա Զոհրաբյան

«Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ

փաստաբանական գրասենյակի

գլխավոր տնօրեն, փաստաբան' Վահագն Բալաբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը