Աշխարհ

10.07.2018 22:08


58 տարի անց 1-ին անգամ Թուրքիայի պաշտպանության նախարարը զինվորական է

58 տարի անց 1-ին անգամ Թուրքիայի պաշտպանության նախարարը զինվորական է

Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում 58 տարի դադարից հետո առաջին անգամ զինվորական է նշանակվել։ Այս պաշտոնը ստանձնած վերջին զինվորականը Ջեմալ Գյուրսելն է եղել (1960թ․), իսկ նրան հաջորդած բոլոր 32 նախարարները եղել են քաղաքացիական անձինք։

Նորանշանակ նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի 60-րդ պաշտպանության նախարարն է։ Ավելի վաղ այս պաշտոնը ստանձնած զինվորականներն էին՝ Ֆևզի Չաքմաքը, Քազըմ Օզալփը, Ֆահրեթթին Օզդիլեքը, Սաֆֆեթ Արըքանը, Ռըզա Արթունքալը, Ջահիթ Թոյդեմիրը, Սեյֆի Քուրթբեկը, Հյուսեյին Աթամանը, Մուզաֆֆեր Ալանքուշը և Ջեմալ Գյուրսելը։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարի անունը վերջին շրջանում հատկապես հաճախ սկսեց հնչել նախագահական ընտրություններից առաջ, երբ լուրեր տարածվեցին այն մասին, որ Աքարն ուղղաթիռով այցելել է նախագահի թեկնածու առաջադրված Աբդուլլահ Գյուլին և հորդորել նրան հանել թեկնածությունը։

Երկրում հաստատված նոր կարգով փոփոխվել են նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի լիազորությունները։ Այժմ ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարությունները ենթակա են անմիջականորեն պաշտպանության նախարարին։ Երկրի ռազմարդյունաբերական գործարանները, նավաշինարանները, ռազմական արդարադատությանն առնչվող հարցերը, ինչպես նաև՝ զորակոչերի ու զինվորագրման հարցերն անմիջական ենթակայություն կունենան պաշտպանության նախարարությանը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը