Աշխարհ

18.07.2018 16:57


Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին` հրավիրելով խորոված ուտելու

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին` հրավիրելով խորոված ուտելու

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այս անգամ զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ քննարկելով նրա հետ միջազգային իրադրությունը, ինչպես նաև գործչին հրավիրելով Երևան՝ խորոված ուտելու: Պրանկերները խոսել են նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայն ռուսական գործակալության տվյալների՝ հեռախոսազրույցը, որի ձայնագրություններն ունի «ՌԻԱ Նովոստի»-ն, արվել են Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց:

Յունկերի հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ կողմից ճնշման առկայությունից, ինչին ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը»: «Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Շատ լավ: Հաջողություն եմ ցանկանում»,- ասել է Յունկերը:

Պրանկերները նրան հրավիրել են Երևան, որտեղ առաջարկել են հրապարակում խորոված պատրաստել և «յուրօրինակ ցույց» անցկացնել:

«Վատ չի հնչում: Ես կայցելեմ մյուս տարի: Այս տարի դա այլևս հնարավոր չէ, իսկ գալիք տարում մենք կգտնենք համապատասխան ժամկետներ ու հնարավորություններ»,-ասել է Յունկերը:

Փաշինյանի անունից պրանկերների հետ զրույցում Մոգերինին նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է լավ հարաբերություններ ունենան բոլոր գործընկերների հետ: «Մենք պետք է զգուշավոր գործենք: Հայաստանն այն երկիրն է, որն ունի իրավունք ընտրություն անելու»,-ասել է ԵՄ հանձնակատարը:

Ավելի վաղ ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Այս խորագրի վերջին նյութերը