Աշխարհ

19.07.2018 14:32


Նոր սպանվածի անուն և մանրամասներ 2017թ Ադրբեջանի «լրտեսների գործից»

Նոր սպանվածի անուն և մանրամասներ 2017թ Ադրբեջանի «լրտեսների գործից»

2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Այնուհետև բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի դարձավ այդ գործով ընդհանուր 9 անձանց մասին, որոնցից 8-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է։

Երեկ՝ հուլիսի 18-ին վրացական Infact.ge կայքը հայտնում էր լրտեսների գործով սպանված անձանցից ևս մեկի անունը՝ կապիտան Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլու (Kazimov Süleyman Seyidağa oğlu)։ Այս զինծառայողի մահվան մասին հայտնել էինք դեռ 2017թ մայիսին, սակայն այն ժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ զինծառայողը սպանվել է առաջնագծում «հայկական կողմի գնդակից»։ Այժմ վրացական կայքը հայտնում է, որ զինծառայողը 2017թ մայիսին ձերբակալվել է մոտ 200 զինվորականների և քաղաքացիական անձանց հետ, այնուհետև ենթարկվելով դաժան կտտանքների՝ սպանվել է։ Իսկ ուժային կառույցները ձերբակալված անձանց ներկայացրել են, որպես «հայկական կողմի օգտին ծառայող լրտեսներ»։

Նշվում է, որ Սուլեյման Քազիմովը նախ ծառայել է Աղդամում որպես գումարտակի հրամանատար, ապա ծառայությունը շարունակել Թարթառի զորամասերից մեկում:

Նրան տարել են և պահել Մինգեչաուրի զորամասերից մեկում և մայիսի 7-ին, կտտանքների ենթարկելով, սպանել, սակայն ընտանիքին ասել են, որ նա մահացել է ավտովթարից։ Երբ դիակը տեղափոխել են զինծառայողի բնակավայր Ջալիլաբադի շրջանի Ամենքանդ գյուղը, ընտանիքին թույլ չեն տվել տեսնել դիակը։ Աղբյուրը հայտնում է, որ Քազիմովի գործով երեք սպաներ, որոնց ինքնությունը չի բացահայտվում, այժմ դատվում են։

Քազիմովի մահվանից 6 ամիս անց իր կինը ստացել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել, որ Քազիմովի գործը արդեն փակված է, նա անմեղ է ճանաչված։ Քազիմովի ընտանիքի անդամները պնդում են, որ սպանվածները իրականում ավելի շատ են, քան հայտնած անուններն են։

Բացի դա, 2017թ հոկտեմբերի 23-30–ը Եվրոպական խորհրդի «Խոշտանգումների կամ պատիժը կրելու ընթացքում արժանապատվության ոտնահարման ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման» հանձնաժողովը ստուգումներ է անցկացրել Ադրբեջանի տարբեր բանտերում, հարցաքննել է ձերբակալված մի շարք անձանց։

2018թ հուլիսի 18-ին հանձնաժողովը հրապարակել է քննությունից ստացված իր զեկույցը, ըստ որի՝ 2017թ ապրիլի վերջին Ադրբեջանի մի քանի ուժային կառույցների, մասնավորապես Պետական մաքսային հանձնաժողովի, Պետական սահմանապահ ծառայության և զինված ուժերի կողմից ձերբակալվել են մոտ 20 զինծառայող, որոնք տարվել են Թարթառի շրջակայքում արդեն չգործող զորամասեր, այնտեղ պահվել են մոտ 2-12 օր։ 12 օրվա ընթացքում ձերբակալվածները պահվել են մերկ՝ միայն անդրավարտիքներով, կապկպված և աչքերը փակ, ենթարկվել են հարցաքննության և դաժան տանջանքների (էլեկտրահարել, եղունգներ քաշել, վառել, ջրախեղդ անել, զրկել քնելու, ուտելու և խմելու հնարավորությունից) այնքան ժամանակ, ինչքան դիմացել են: Ձերբակալվածները նաև ստիպված են եղել երկար ժամանակ պառկել սառը ու թաց գետնին։

Թարթառի զորամասերում պահվելուց հետո ձերբակալվածներին տեղափոխել են Մինգեչաուրի շրջանի չօգտագործվող զորամասեր, որտեղ պահվել են ևս 2 օր և նորից ենթարկվել տանջանքների ռազմական ոստիկանության կողմից։ Հարկ է նշել, որ նույն պատկերն է ստացվում նաև վերոնշված Սուլեյման Քազիմովի դեպքում. նրան ևս Թարթառից տարել են Մինգեչաուր և կտտանքների ենթարկել:

Զեկույցում նշվում է, որ գործով հարցաքննվել են Բաքվի, Գյանջայի, Նախիջևանի և Շաքիի բանտերում պահվողները, որոնցից երևում էր, որ վերջիններս մեծ հոգեբանական ճնշման են ենթարկվել (օրինակ՝ էմոցիոնալ նեղվածության նշաններ)։ Հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են նաև ՊՍԾ ստորաբաժանումներ։

ԵԽ հանձնաժողովը հրապարակել է ևս 5 զեկույց, որոնք վերաբերում են 2004–2016թթ Ադրբեջան այցերին։

Այսպիսով, 2017թ մայիսի ձերբակալություններից հայտնի դարձավ 10 սպանվածի մասին, որոնցից 1–ի անունը անհայտ է մնում։ Բոլոր ձերբակալվածներին և սպանվածներին Ադրբեջանի իշխանությունները ներկայացրել են, որպես լրտեսներ, շատ դեպքերում ընտանիքի անդամներին դիակը հասցրել են փակ։ Ինչպես Սուլեյման Քազիմովի դեպքում երևում է, զինծառայողների մասին մանրամասն տվյալները ևս սխալ են հայտնել իրենց ընտանիքներին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը