Աշխարհ

20.07.2018 12:41


Հրթիռահրետանային նորակառույց ռազմաբազաներ Ադրբեջանում

Հրթիռահրետանային նորակառույց ռազմաբազաներ Ադրբեջանում

Ռազմ․ինֆոն սկսում է նոր շարք, որում մենք կներկայացնենք Ադրբեջանի կարևորագույն ռազմական օբյեկտները․ զորամասեր, ավիաբազաներ, տնտեսական կարևորագույն օբյեկտներ և, դրանց մասին հայտնի տվյալներն այդ թվում՝ սպառազինությունը։

Այդ շարքում առաջինը կանդրադառնանք հրթիռահրետանային երկու նորակառույց (կառուցվել են 2014-2015թթ․) խոշոր ռազմաբազաների՝ Թանգրիղուլուլարում և Աղջաբեդիում։

ԹԱՆԳՐԻՂՈՒԼՈՒԼԱՐԻ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Բազայի կառուցումը սկսվել է մոտ 2014թ․, նախկին ԽՍՀՄ 104-րդ օդա-դեսանտային դիվիզիայի 217-րդ զորավարժարանում (ներկայիս՝ «Գերան» զորավարժարան) տեղակայված օդանավակայանի տարածքում։ Արցախի սահմաններից ուղիղ գծով հեռավորությունը կազմում է մոտ 35կմ։

Օդանավակայանը նախկինում հայտնի է եղել որպես Թանգրիղուլուլարի օդանավակայան՝ մոտ 10կմ հեռավորության վրա գտնվող գյուղի անունով։ Այդ պատճառով նորակառույց ռազմաբազան էլ պայմանականորեն անվանում ենք Թանգրիղուլուլարի ռազմաբազա, թեև իրական անվանումը մեզ առայժմ հայտնի չէ։

Թանգրիղուլուլարի ռազմաբազան

Թանգրիղուլուլարի ռազմաբազան

Ներկայումս բազայում կառուցապատված տարածքը զբաղեցնում է մոտ 100 հա տարածք, սակայն որոշ հատվածներում շինարարական աշխատանքներն անավարտ են։ Բազայում տեղակայված են հրետանային երկու բրիգադներ, որոնք պայմանականորեն կանվանենք «Արևելյան» և «Արևմտյան», ուղղաթռակայան, զինապահեստներ, առանձին զորանոցներ սպաների համար, վարժահրապարակ։ Հարևանությամբ, ինչպես վերը նշեցինք, գտնվում է ադրբեջանական բանակի «Գերան» խոշոր զորավարժարանը։

«Արևելյան» բրիգադը տեղակայված է նախկին օդանավակայանի արևելյան մասում և զբաղեցնում է մոտ 24հա տարածք։ Բրիգադի հյուսիային մասում կառուցված են թվով 12 գարաժներ տեխնիկայի համար։ Հարավում կա շարահրապարակ, որի շուրջը կառուցված են թվով առնվազն 9 զորանոցներ, ճաշարան, շտաբ և այլ շինություններ։

Մեր գնահատմամբ զորանոցներից յուրաքանչյուրը նախատեսված է մինչև 200–250 անձի համար։ Այսպիսով այս բրիգադի ծառայողների ընդհանուր թիվը կարող է գնահատվել շուրջ 1800–2250 հոգու։ Բացի այդ առանձին զորանոցներ կան կառուցված սպաների համար, որոնց կանդրադառնանք առանձին։

Բրիգադի արևելյան մասում դեռևս կան անավարտ շինարարական աշխատանքներ, և հավանական է, որ զորանոցների քանակն ապագայում ավելանա։ Համենայն դեպս կառուցվող շինություններից չորսի շինարարական հրապարակները չափերով մոտ են արդեն իսկ կառուցված զորանոցների չափերին։ Եթե այդտեղ նույնպես կառուցվեն զորանոցներ, ապա բրիգադի անձնակազմի թվաքանակը կկազմի մինչև մոտ 2600-3250 զինծայող։

«Արևմտյան» բրիգադը տեղակայված է «Արևելյանի» անմիջական հարևանությամբ։ Այն զբաղեցնում է մոտ 34հա տարածք։ Բրիգադի արևելյան մասում կա շարահրապարակ, որի շուրջ կառուցված են թվով 10 զորանոցներ՝ նախատեսված յուրաքանչյուրը 200–250 հոգու համար։ Այսպիսով՝ բրիգադում ծառայողների ընդհանուր թիվը կարող է հասնել մինչև 2000–2500 հոգու։ Շարահրապարակի և զորանոցների շուրջ կառուցված են շտաբ, ճաշարան և զորամասային այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Զորանոցներից արևմուտք կառուցված են տարբեր չափերի թվով 7 գարաժներ տեխնիկայի համար, իսկ ավելի արևմուտք կան 3 զինապահեստներ։

Հրետանային երկու բրիգադներից հարավ կառուցվել են թվով 9 զորանոցներ՝ նախատեսված սպայական և/կամ պայմանագրային անձնակազմի համար։ Այդ զորանոցներից յուրաքանչյուրը կարող է տեղավորել մինչև 100 զինծառայող։ Այսպիսով, այս զորանոցներում ընդհանուր առմամբ կարող է լինել մինչև 900 զինծառայող։ Բացառված չէ, որ այս զորանոցներն իրականում նախատեսված են ընտանիքներով սպաների համար ու բաղկացած են առանձին բնակարաններից։ Այդ դեպքում, հասկանալի է, որ բնակիչների քանակն էապես ավելի քիչ կլինի։

Ռազմաբազայի արևմուտքում կառուցված է ուղղաթռային խոշոր անգար, ինչպես նաև մոտ 500մ երկարությամբ թռիչքուղի, որն անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև ընդլայնել։ Ընդհանուր զբաղեցնում է մոտ 8հա տարածք։

Այսպիսով, ինչպես և մենք կանխատեսել էինք մեր «Ռազմաքաղաքական հանդես» ժողովածուի առաջին համարում, Թանգրիղուլուլարում Ադրբեջանը կունենա ևս մեկ ուղղաթռային ցատկահարթակ։ Հավանական ենք համարում, որ նշված անգարներում տեղակայվեն նաև ԱԹՍ-ներ։

Ուղղաթռակայանը, բնականաբար, օգտագործվում է նաև «Գերան» զորավարժարանում վարժանքների ժամանակ։

Ուղղաթիռների անգարից արևմուտք կառուցված է առանձին օբյեկտ, որն ամենայն հավանականությամբ նախատեսված է ռազմական տեխնիկայի վարորդների, մեխանիկ-վարորդների պատրաստման համար, ինչպես նաև ծառայում է որպես հրաձգարան։ Ամենայն հավանականությամբ տարբեր բնույթի ներկայացուցչական և ցուցադրական միջոցառումները նույնպես անց են կացվում այս տարածքում։ Հրաձգարանը զբաղեցնում է մոտ 22հա տարածք։ Հնարավոր է, որ այս տարածքում է ժամանակավոր տեղակայվում նաև զորավարժությունների համար այլ վայերից Թանգրիղուլուլար բերված անձնակազմը։

Այսպիսով հրետանային երկու բրիգադների անձնակազմերի թվաքանակն ընդհանուր առմամբ կարող ենք գնահատել 4700-5650 հոգի։ Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա դատելով արբանյակային տարբեր լուսանկարներից՝ բրիգադները սպառազինությունում ունեն 122մմ Դ-30 հաուբիցներ (առնվազն 10 միավոր), 152մմ 2Ա36 «Գիացինտ-Բ» թնդանոթներ (առնվազն 11 միավոր), 2Ս19 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համարգեր (մինչև 18 միավոր), 300մմ 9Կ58 «Սմերչ» (մինչև 12 միավոր) և 300մմ Lynx Extra համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (առնվազն 3 միավոր) և այլն։ Նկատենք, որ քանի որ Թանգրիղուլուլարի ռազմաբազան գտնվում է «Գերան» զորավարժարանի հարևանությամբ, բացառված չէ, որ արբանյակային լուսանկարներում երևացող տեխնիկայի մի մասը բերված է այլ վայրերից՝ զորավարժությունների համար։

Մստա-Ս ինքնագնաց հաբուցիները կրակային կետերում վարժանքների ընթացքում (Արևելյան բրիգադի հարևանությամբ՝ 2018-05-17)

Մստա-Ս ինքնագնաց հաբուցիները կրակային կետերում վարժանքների ընթացքում (Արևելյան բրիգադի հարևանությամբ՝ 2018-05-17)

2018 թ. փետրվարի 2-ին արբանյակ ֆիքսել է միաժամանակ ընթացող «Սմերչ»-ների 3 շարասյուն՝ յուրաքանչյուրում 4-ական արձակման մեքենա:

2018 թ. փետրվարի 2-ին արբանյակ ֆիքսել է միաժամանակ ընթացող «Սմերչ»-ների 3 շարասյուն՝ յուրաքանչյուրում 4-ական արձակման մեքենա:

Գիացինտ-Բ հաուբիցները կրակային դիրքերում վարժանքների ժամանակ (Արևելյան բրիգադի հարևանությամբ՝ 2018-05-17)

Գիացինտ-Բ հաուբիցները կրակային դիրքերում վարժանքների ժամանակ (Արևելյան բրիգադի հարևանությամբ՝ 2018-05-17)

ԱՂՋԱԲԵԴԻԻ ՌԱԶՄԱԲԱԶԱ

Այս ռազմաբազան գտնվում է Աղջաբեդի քաղաքից մոտ 10կմ հյուսիս-արևելք, Աղջաբեդի-Զարդաբ ավտոճանապարհի հարևանությամբ։ Հայ-ադրբեջանական շփման գծից հեռավորությունը մոտ 42-43կմ է։ Թանգրիղուլուլարի ռազմաբազայի նման սա ևս բաղկացած է սպայական անձնակազմի համար առանձին զորանոցներից և երկու առանձին բրիգադներից, որոնք սակայն իրարց մի փոքր ավելի հեռու են։ Այդ բրիգադները պայմանակոներն կանվանենք «Հյուսիսային» և «Հարավային»։ Նոր ռազմաբազայի կամ ավելի ստույգ՝ նոր զորամասերի կառուցումն ամենայն հավանականությամբ նույնպես սկսվել է 2014թ․։

Աղջաբեդիի ռազմաբազաները

Աղջաբեդիի ռազմաբազաները

Երկու բրիգադներն էլ իրենց կառուցվածքով կարելի է ասել՝ տիպային են։

«Հարավային» բրիգադում տեխնիկայի թվով 8 գարաժները կառուցված են զորամասի հյուսիս-արևմուտքում, իսկ մնացած շինությունները համապատասխանաբար հարավ-արևելքում։ Այս բրիգադում կան թվով 6 զորանոցներ, որոնք ինչպես և մյուս դեպքերում կարող են տեղավորել 200-250 զինծառայող։ Արդյունքում «Հարավային» բրիգադի անձնակազմը կարող է գնահատվել մինչև 1200-1500 հոգի։ Զորամասն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտ 20հա տարածք։

Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա ռազմաբազան զինված է 160մմ Lynx (առնվազն 4 միավոր), 122մմ RM 70/85 (մոտ 10-12 միավոր) և 122մմ ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով (մոտ 10-12 միավոր); «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերով (մոտ 10-12 միավոր); 152մմ քարշակվող հաուբիցներով (ամենայն հավանականությամբ Դ-20 կամ հնարավոր է Դ-1):

Աղջաբեդիի «Հարավային» բրիգադը

Աղջաբեդիի «Հարավային» բրիգադը

«Հյուսիսային» բրիգադի հարավ-արևելյան մասում գտնվում են տեխնիկայի թվով 5 գարաժները, իսկ հյուսիս-արևմտյան մասում՝ շարահրապարակը, շտաբը, զորանոցները և զորամասային անհրաժեշտ այլ շինություններ։ Թվով 7 զորանոցներից յուրաքանչյուրը կարող է տեղավորել մինչև 200-250 զինծառայող։ Այսպիսով բրիգադի անձնակազմը կարող ենք գնահատել մինչև 1400-1750 հոգի։ Զորամասը զբաղեցնում է մոտ 25հա տարածք։

Բացի այդ, «Հյուսիսային» բրիգադի հարևանությամբ կառուցված են թվով 8 առանձին զորանոցներ, որոնք ամենայն հավանականությամբ նախատեսված են սպայական, հնարավոր է նաև պայմանագրային անձնակազմի համար։ Դրանցում ընդհանուր առմամբ կարող է տեղավորվել մոտ 800 զինծառայող կամ ավելի քիչ, եթե դրանք ոչ թե զորանոցներ են, այլ բազմաբնակարան շինություններ։

Այսպիսով՝ Աղջաբեդիի ռազմաբազան իր երկու բրիգադներով ընդհանուր առմամբ ունի մոտ 3400-4050 հոգանոց անձնակազմ։ Այստեղ ընդգծենք, որ ռազմաբազայում հնարավոր է, որ ապագայում դեռ կառուցվեն ինչպես նոր գարաժներ, այնպես էլ զորանոցներ։

Այս խորագրի վերջին նյութերը