Լրահոս

23.07.2018 16:43


Ոստիկանության Դիլիջանի բաժանմունքում յուրացվել է ավելի քան 41 մլն դրամ

Ոստիկանության Դիլիջանի բաժանմունքում յուրացվել է ավելի քան 41 մլն դրամ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ծառայողական քննության նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016 թվականի հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին և բաժնի այլ աշխատակիցների հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում բաժնի աշխատակիցներին ընդհանուր առմամբ 38.493.681 ՀՀ դրամ ավել է վճարել:

Բացի այդ, Լ. Ա.-ն 2017թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, կատարելով ոստիկանության ՊՊԳ վարչության Դիլիջանի բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, իրեն հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում իրեն ավել է վճարել 4.522.448 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում իրեն ավել աշխատավարձ է վճարել բաժանմունքի պետի ցուցումով և գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ հանձնել է վերջինիս:

Հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը