Աշխարհ

28.07.2018 22:13


ՌԴ ԱԳՆ․ Հենց Հայաստանը պետք է նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՌԴ ԱԳՆ․ Հենց Հայաստանը պետք է նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոփոխության հարցով «անհրաժեշտ պարզաբանումները հայկական կողմին տրվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հուլիսի 27-ի հեռախոսազրույցում»: Այս մասին շաբաթ օրը հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը՝ անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությանը:

«Մասնավորապես, նշվել է, որ համաձայն ՀԱՊԿ ընթացակարգի կանոնների՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե հետկանչի որոշումը ընդունվել է Երևանում»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսօր ասել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008 թվականին զբաղեցրել է Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:

Քրեական օրենսգրքի նույն՝ 300.1 հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով անցած գիշեր կալանավորվեց, ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով հետախուզման մեջ է և ում նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը