Քաղաքական

29.07.2018 12:01


Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները:

«Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ մենք ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել և ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-նշել է Ռ. Հյուսնունցը:
Նրա կարծիքով՝ նախագահի ինստիտուտը պետք է երկրի համար հանդիսանա որպես խորհրդանիշ: Բացի այդ, Ռ. Հյուսնունցը մտահոգություն է հայտնել նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրվում, և դա այն դեպքում, երբ ամեն պահի գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր հերթին ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ պայքարում է ապօրինության դեմ, ընդունելի է, քանի որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին, բնականաբար, դրանք անհրաժեշտ քայլեր են: «Ուղղակի խնդիրն այն է, որ դա չպետք է տանի, այսպես ասած, գայթակղության, քանի որ կարող է իրավական հարթությունից տեղափոխվել քաղաքական դաշտ: Կարծում եմ՝ պետք է բավականին զգուշավոր լինել, մանավանդ այն գործիչների պարագայում, որոնք անցել են ճանապարհ և որոշակի ներդրում ունեն երկրի կայացման գործում»,- նշել է Վ. Բալայանը:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում համապատասխան իրավական հիմնավորումները պետք է լինեն բավականաչափ: «Այդ առիթով կան շատ մտահոգություններ, և կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն իսկապես խորությամբ այդ ամենը կուսումնասիրեն՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ»,-նշել է Վ. Բալայանը:
«Ժողովրդավարություն»­ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Արցախում: «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլև՝ ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաև «Արցախի հերոս»: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը որ կատարվում է նրա անվան շուրջ՝ հատկապես վերջին օրերին»,-ասել է Վ. Բաղրյանը:
Նա նշել է, որ անընդունելի է որոշ քաղաքական ուժերի և անձանց անթաքույց հրճվանքը՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ինչը սեպ է խրում հասարակության համերաշխության մեջ: «Մտադրություն չունեմ պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ նա դրա կարիքը չունի: Սակայն հետևելով գործընթացներին՝ տպավորություն ունեմ, որ դրանք ոչ այնքան իրավական դաշտում են, որքան քաղաքական: Եվ այդ քաղաքական շահարկումները միանգամայն անթույլատրելի են»,- նշել է Վ. Բաղրյանը:
Պատգամավորը ընդգծել է, որ ակնկալում է արդար և թափանցիկ դատավարություն. եթե խախտվել է օրենք, ապա պետք է լինի արդար դատաքննություն և պատասխանատվություն, քանի որ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորն՝ անկախ կարգավիճակից: «Սակայն եթե օրենք չի խախտվել, ապա քաղաքական հետապնդումները անընդունելի են, և եթե քաղաքական հետապնդման կարող է ենթարկվել երկու հայկական հանրապետությունների նախկին նախագահը, ապա ի՞նչ արդարություն կարող է ակնկալել շարքային քաղաքացին»,-ասել է Վ. Բաղրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը