Աշխարհ

30.07.2018 13:01


Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը կմասնակցի 4-հոգանոց սպայական կազմով

Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը կմասնակցի 4-հոգանոց սպայական կազմով

Հայաստանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը 4-հոգանոց սպայական կազմով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ սպաներ են լինելու Վրաստանում, միայն նշեց, որ նրանք բժշկական անձնակազմից չեն։

Օգոստոսի 1-15-ը նախատեսված «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին տասն օր առաջ հաղորդել էր Վրաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն մինչ օրս Հայաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես չէր հաստատում այդ տեղեկատվությունը:

***

«Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով»

«Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով»

«2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը»

Ս.թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:
Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում:

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը