Տնտեսական

30.07.2018 16:11


Դեպի ՀՀ ֆիզիկական անձանց արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար. ԿԲ

Դեպի ՀՀ  ֆիզիկական անձանց արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար. ԿԲ

2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնցից տարանջատվում են ոչ առեւտրային նպատակով իրականացրած փոխանցումները: Սկսած 2004 թ-ից՝ տվյալների հավաքագրումն իրականացվում է համադրելի մեթոդաբանությամբ, ինչն ապահովում է տվյալների ամբողջականությունը եւ բարձր ճշգրտությունը:

2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար, որից 18,2 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ:

Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 6.6 %: Ոչ առեւտրային նպատակով իրականացված փոխանցումների դեպքում միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.4 %:

2004-2017 թթ. ընթացքում ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,6 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան արտահոսքը կազմել է 0.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.8 %: Ոչ առեւտրային նպատակով իրականացված փոխանցումների համար միջին տարեկան արտահոսքը կազմել է մոտ 0,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 4.4 %:

Այս խորագրի վերջին նյութերը