Լրահոս

30.07.2018 19:59


Հրդեհ Ամուլսարի ծրագրի տարածքում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ

Հրդեհ Ամուլսարի ծրագրի տարածքում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հուլիսի 30-ի ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում, և կրակն արագությամբ մոտենում է ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից՝ հավելելով. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք՝ հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը:

Հիշեցնում ենք, որ «Լիդիան Արմենիա»-ն արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ կառավարությանը և պատկան մարմիններին՝ մտահոգություն հայտնելով, որ մասնավոր ընկերության գույքը վտանգվում է, ինչպես նաև խոչընդոտվում է բնապահպանական կառավարումը՝ ցուցարարների ապօրինի գործողությունների և ՀՀ ոստիկանության անգործության հետևանքով»:

Կրկին անգամ ընկերությունը դիմում է ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին անմիջապես միջոցներ ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Կոչ ենք անում անմիջապես օպերատիվ գործողություններ սկսել հրդեհի պատճառները պարզելու համար:

***

Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի «Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք:

Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան և Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը Սարավանի «Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար:

Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա, 12 հրշեջ-փրկարար ազատ հերթափոխից, 30 քաղաքացի և 5 բնապահպան:

Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, ժամը 20:30-ին՝ մարվել: Ընդհանուր առմամբ այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 40 գիհի:

Այս խորագրի վերջին նյութերը