Աշխարհ

02.08.2018 09:27


ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց թուրք նախարարների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց թուրք նախարարների նկատմամբ

Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականով Միացյալ Նահանգները ժամեր առաջ պատժամիջոցներ սահմանեց թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Արդարադատության նախարար Սբդուլհամիդ Գյուլի և Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հանդեպ` ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկման համար: Ըստ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի, թուրք նախարարների` Նահանգներում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, ամերիկացիներին էլ կարգելվի նրանց հետ փոխգործակցության մեջ մտնել:

«Նախագահը ուշադրությամբ հետևել է Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք չենք տեսել որևէ ապացույց, որ պաստոր Բրանսոնը որևէ անօրինական քայլ է արել, և կարծում ենք, որ նա Թուրքիայի կառավարության կողմից իրականացված անարդար ու ապօրինի ազատազրկման զոհ է»,-հայտարարեց Սանդերսը, հավելելով` պատժամիջոցներ են սահմանվել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք առանցքային դեր են ունեցել հոգևորականի ազատազրկման ու կալանքի հարցում:

Թուրքիայի իշխանությունները ամերիկացի 50֊ամյա պաստորին ձերբակալել են ավելի քան մեկուկես տարի առաջ` Քրդական աշխատավորական կուսակցությանն ու գյուլենականներին աջակցելու մեղադրանքներով, որոնց ապացուցման դեպքում սպառնում է 35 տարվա ազատազրկում:

«Պաստոր Բրանսոնի անարդար կալանքը և շարունակական հետապնդումը թուրք պաշտոնյաների կողմից ուղղակի անընդունելի է,-հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ հավելելով,-Նախագահ Թրամփը ավելի քան հստակ ընդգծել է` Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Թուրքիան անհապաղ ազատ կարձակի նրան»:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն փաստել է` հոգևորականի ազատ արձակման հարցով բազմաթիվ զրույցներ են եղել նախագահներ Թրամփի ու Էրդողանի, իր ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև, սակայն` ապարդյուն:

«Ըստ նախագահ Թրամփի, այս պատժամիջոցները համարժեք են ստեղծված իրավիճակին»,-ասել է պետքարտուղարը: Պետդեպարտամենտի խոսնակն էլ տեղեկացրել է, որ Փոմփեոն և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել այս հարցի շուրջ և պայմանավորվել են հանդիպել այս շաբաթ Սինգապուրում կայանալիք Ասիական երկրների գագաթնաժողովի շրջանակներում:

Մինչ այդ, Թուրքիայի արտգործնախարարությունը Վաշինգտոնին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել` սպառնալով տալ համարժեք պատասխան: «Կասկած չկա, որ այս որոշումը, որը անհարգալից ձևով միջամտում է մեր դատական համակարգին, հակասում է թուրք֊ամերիկյան հարաբերությունների ոգուն և լրջորեն կվնասի երկու երկրների միջև առկա խնդիրները կարգավորելու կառուցողական ջանքերին»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը` կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հրաժարվել այդ «սխալ որոշումից»: Արտոգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Թվիթերում գրել է․ «Մեր նախարարների նկատմամբ պատժամիջոցներն անպատասխան չեն մնա»:

Ավելի վաղ` այս շաբաթասկզբին, թուրքական դատարանը մերժել էր Բրանսոնին ազատ արձակելու միջնորդությունը, նախագահ Էրդողանն էլ ընդգծել էր` չեն ընկրկի, անգամ` պատժամիջոցների դեպքում:

Գերմանական DW հեռուստաընկերությունը պնդում է, թե իրականում Անկարան ուզում է Բրանսոնին փոխանակել Միացյալ Նահանգներում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում Էրդողանի վարչակազմը մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Արդեն երկու տարի է` Անկարան Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել նրան, Միացյալ Նահանգները, մինչդեռ, հորդորում է ներկայացնել վերջինիս մեղքը հավաստող ապացույցներ:

Ի դեպ, ամերիկյան պատժամիջոցների ֆոնին թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է` հասնելով դոլարի նկատմամբ պատմության մեջ ամենացածր ցուցանիշին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը