Տնտեսական

03.08.2018 16:08


Այս տարի խաղողի մթերման հետ խնդիրներ կլինեն

Այս տարի խաղողի մթերման հետ խնդիրներ կլինեն

Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղմթերքի, մասնավորապես՝ ձմերուկի, լոլիկի գներն աճել են: Այսօր հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ միաժամանակ նշելով , որ այս տարի գյուղմթերքի պակաս չկա:

«Ձմերուկի արժեքը 300 տոկոսով բարձր է անցյալ տարվա համեմատ: 80 դրամից դարձել է 250 դրամ: Նույնը լոլիկը: Մենք չլուծեցինք լոլիկի ցեցի հարցը: Իսկ բույսերի պաշտպանության գումարներ ունենք: Կարտոֆիլը բարձրացավ, քանի որ էս տարի սերմնացուի խնդիր ունեինք, եւ բերքը չորացավ: Չլուծված ոռոգման ջրի խնդիր ունենք»,-ասաց Բերբերյանը:

«Այսօրվա դրությամբ մենք երաշտի մեջ ենք: Իրականում գարնանային տեղումներն են փրկել: Նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն լուծում ՀԷԿ-ի խնդիրը: Գյուղատնտեսությունը թալանված բնագավառ է: Շատ տեխնիկաներ, որ գրանտով ստացան, չկարողացան պահել՝ ուղարկեցին Վրաստան»:

Հրաչ Բերբերյանը զգուշացրեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կունենանք:

«Անցյալ տարվա համեմատ բերքն այս տարի կայուն է, մոտ 18-20 տոկոսի խնդիր կունենանք»:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը հայտնեց, որ Գյուղնախարարության կողմից ներկայացված ծիրանի արտահանման թվերը իրականությանը չեն համապատասխանում. «Նկարած թվեր են: Մենք ունենք 6 հազար հեկտարից մի քիչ ավել ծիրանի այգիներ: Ծիրանի արտահանումը կազմում է բերքի 10-30 տոկոսը: Գյուղնախարարությունը ռեկորդային թվեր է հայտնում, ասելով, որ 60-70 հազար տոննա ծիրան է արտահանվել: Ծառերի տակ թափվում է բերքի 10 տոկոսը, մի 15 հազար տոննա էլ գործարաններն են ընդունել, իսկ ծիրանի բերքահավաքը՝ իմ խորին համոզմամբ՝ 1-1,5 ամիս է տեւում արտահանման համար: Անցյալ տարի, հունիսի 10-ից արտահանել են մինչեւ հուլիսի 10-ը, դա եղել է 28 հազար տոննա, էդ նկարած թվերն էլ հետը: Էս տարի ինչպե՞ս կրկնակի ավելացավ, ինչի՞ հաշվին ավելացավ»,-ասաց Բերբերյանը:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը