Լրահոս

07.08.2018 12:23


Դանակահարություններ են կատարվել Լոռու մարզում

Դանակահարություններ են կատարվել Լոռու մարզում

Այսօր՝ օգոստոսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 21-ամյա Հրայր Շահվերդյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը ՝ օգոստոսի 6-ին, ժամը 23:50-ի սահմաններում Հ. Շահվերդյանը իր տան բակում նկատել է անծանոթ մի երիտասարդի, ով հեռախոսով բարձրաձայն խոսելիս է եղել: Ինքը մոտեցել է նրան ու խնդրել, որ բարձրաձայն չխոսի, քանի որ մարդիկ քնած են: Նրա նկատողությունը անծանոթին դուր չի եկել և այն վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ անծանոթը հարվածել է իր դեմքին, իսկ հետո ինչ-որ սուր առարկայով հարվածել կրծքավանդակի հետին պատին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

***

Երեկ՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Բ. Գ-ն է:

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ստացել է դանակի մի քանի հարվածներ մարմնի տարբեր մասերին և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը