Աշխարհ

07.08.2018 17:07


Ադրբեջանի բնակիչների համար արտասահմանից հեռախոս բերելն այլևս շահեկան չէ

Ադրբեջանի բնակիչների համար արտասահմանից հեռախոս բերելն այլևս շահեկան չէ

Այժմ, եթե Ադրբեջանի քաղաքացին իր հետ արտասահմանից բջջային հեռախոս է բերում կամ պատվիրում, կապի, տրանսպորտի և բարձր տեխնոլոգիաների նախարարության համակարգում այն գրանցելու համար անհրաժեշտ կլինի վճարել 30-150 մանաթ (մոտ 17-88 դոլար)՝ կախված ապրանքի շուկայական արժեքից: Այդպիսի որոշում է կայացրել նախարարների կաբինետը: Նախկինում այդ տուրքը կազմում էր 5 մանաթ (մոտ 3 դոլար):

Նոր հեռախոսի գրանցումը պարտադիր ընթացակարգ է, այլապես այն կանջատվի ցանցից: Եթե հեռախոսը գնվել է տեղի խանութից, ապա գրանցման համար արդեն վճարել է վաճառողը: Իսկ եթե այն բերվել է կամ պատվիրվել է արտասահմանից, այն արդեն պետք է ինքնուրույն գրանցել:

Այն բանից հետո, երբ մանաթի փոխարժեքը կրկնակի նվազեց (2015 և 2016թթ-ին), ամեն ինչի գներն, այդ թվում՝ տեխնիկայինը, զգալի աճեց: Ադրբեջանի բնակիչներից շատերի համար ավելի շահեկան դարձավ բջջային հեռախոսներն այլ երկրներից բերելը կամ պատվիրելը: Իսկ այժմ նման կերպ տնտեսելը շատ ավելի բարդ կլինի: Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե երբ ուժի մեջ կմտնեն նոր կանոնները:

Նորարարությունը վերաբերում է միայն մասնավոր անձանց, բայց ոչ ընկերություններին, որոնք վաճառքի հեռախոսներ են ներկրում:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին կարծում է, որ տուրքի բարձրացման նպատակը «խոշոր ներկրողների շահերի լոբբինգն է»:

Իսկ «Մուլտիմեդիա» հկ ղեկավար Օսման Գյունդուզը մտավախություն ունի, որ «դա արգելակելու է էլեկտրոնային կառավարության և թվային հասարակության զարգացումը, քանի որ բարձր արագությամբ թրաֆիկով աշխատող ապարատներ ձեռք բերելը շահեկան չի լինելու»:

Տուրքի չափն աճել է հասարակական տրանսպորտում երթևեկելու սակագների բարձրացման հետ գրեթե միաժամանակ: Այնպես որ, սոցցանցերում դա սուր հեգնանքի ալիք է բարձրացրել.

«Ամեն ինչ ճիշտ են անում: Չէ՞ որ մեր ժողովուրդը համբերատար է, ամեն ինչ կուլ կտա և ձայն չի հանի: Նույնիսկ եթե գրանցման գինը հեռախոսի գնի չափ դարձնեն, մարդիկ դա լուռ կուլ կտան»:

«Ինչո՞ւ են մանրանում: Թող միանգամից կյանքի հարկ մտցնեն»:

«Բյուջեի համար ավելի շատ փող հավաքելու և սոցիալական արդարությունը պահպանելու համար ճոխության հարկ պետք է մտցնել, այլ ոչ թե անիմաստ տուրքեր այն ծառայությունների համար, որոնք, ըստ էության, ընդհանրապես պետք է անվճար լինեն»:

Սակայն ոմանք փորձում են այս իրավիճակին էլ լավատեսությամբ մոտենալ.

«Սարսափելի ոչինչ չկա, չէ՞ որ ամեն օր չենք հեռախոս գնում: Գլխավորը, որ մթերքն ու կոմունալ ծառայությունները չթանկանան»:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը