Քաղաքական

07.08.2018 20:13


Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Փաշինյանը պետք է հանդիպեն. Կազիմիրով

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Փաշինյանը պետք է հանդիպեն. Կազիմիրով

Իրավիճակը Ադրբեջանում ոչ միանշանակ է: Երկրի ֆինանսական որոշակի բարեկեցությունը այդուհանդերձ չի կրճատում սոցիալական անհավասարությունը, իսկ իշխող էլիտան ժողովրդին խաբում է ցուցադրական հայրենասիրությամբ, մշտական սպառնալիքներով վերադարձնել ուժով այն ամենը, ինչ կորցրել են 1991–1994 թթ. պատերազմում, թեև շատ լավ գիտակցում է այն բոլոր ռիսկերը, որ իր հետ կբերի նոր պատերազմը և ոչ միայն երկրի, այլև հենց էլիտայի համար: Սրանով էլ պայմանավորված են միջադեպերը, բանակցային գործընթացի խափանումը և այլն: Ադրբեջանը շարունակում է շնչել ատելությամբ և ոչ թե ապագա կարգավորմամբ: Այս մասին ասվում է 1992-1996թթ. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հրապարակվել է «Независимая газета»-ում «Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով» խորագրի ներքո: Փոխանցում է Verelq.am-ը:

Նրա խոսքով, մինչև վերջերս բանակցային գործընթացում իրավիճակը քիչ թե շատ պարզ էր Հայաստանի պարագայում՝ Երևանը գնում էր փոխզիջումների փնտրտուքի ճանապարհով, կարևորը ամբողջովին բացառելով խնդրի լուծման ուժային տարբերակը: Եվ սա համապատասխանում էր այն փաստաթղթի ոգուն, որի հիման վրա հաստատվեց հրադադարը: Բայց գարնանը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, շարունակում է Կազիմիրովը, առաջ քաշեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղան վերադարձնել Արցախը:

«Սա համապատասխանում է այս հակամարտության եռակողմ կոնֆիգուռացիային, առավել ևս, որ 90-ականներին բանակցությունները տարվում էին երեք կողմերի միջև՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Եվ Ղարաբաղով երկու համաձայնագրերը ստորագրվել են հակամարտության երեք կողմերի կողմից: Ավելին՝ այն տարիներին Ադրբեջանը շփման գծի գործերով շփումները առաջինը հաստատում էր հենց Լեռնային Ղարաբաղի հետ: Թվում է, թե Բաքուն պետք է գիտակցի, թե ինչ կարգավիճակով էին իրենք այն ժամանակ բանակցում Ղարաբաղի հետ, եթե ոչ որպես հակամարտության կողմի ու, հետևաբար, բանակցային գործընթացի կողմի: Սակայն Բաքվում դա «չեն հիշում»»,-գրել է ՄԽ նախկին համանախագահը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Կազիմիրովը նշել է, որ այն վերջին շրջանում լարված է, հակասություններ կան երկրի առաջնորդների միջև: Եվ դժվար թե այս իրավիճակը նպաստի Բաքվի հետ բանակցությունների վրա: Ավելին՝ Ադրբեջանը արդեն մեղադրում է Երևանին բանակցությունները տապալելու համար. «Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում են երկրի բոլոր առանցքային ուժերի միասնականություն: Անհարմար է դրսից ինչ-որ բան առաջարկել, բայց կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ հանդիպեն և մշակեն հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում: Վստահ եմ, որ նրանցից որևէ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայից և ոչ թե անցյալից և մտածեն Ղարաբաղի ճակատագրի, ոչ թե իրենց դիրքերի մասին»,-գրել է Կազիմիրովը:

Աղբյուր՝ Verelq.am

Այս խորագրի վերջին նյութերը