Քաղաքական

08.08.2018 18:07


Դատարանը մերժեց Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստում դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը, որպես երաշխիք, 500 հազարական դրամ էր մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը` պատճառաբանելով, որ ընթացող դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, այն է՝ ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, դատարանին բերում են այն եզրահանգման, որ, հայտնվելով ազատության մեջ, Պավել Մանուկյանը չի դրսևորի պատշաճ վարքագիծ, որով իսկ կխոչընդոտի գործի հետագա քննությանը:

Այս խորագրի վերջին նյութերը